Ես հայ եմ և միշտ ինձ այդպիսին եմ զգացել․ Ֆանի Արդան

22 Մարտի 2024, 23:35

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ծագումով հայ Ֆանի Արդանը ծնվել է 1949 թվականի մարտի 22-ին Ֆրանսիայում, Սոմուր քաղաքում, սպայի ընտանիքում։ Ֆանին իր մանկության մի մասն անցկացրել է Մոնակոյում, որտեղ նրա հայրը ծառայել է որպես իշխանական պալատի կառավարիչ։

Ծնողների պնդմամբ՝ նա քաղաքագետի կրթություն է ստացել, բայց հոգու խորքում երազել է բեմի մասին։ Համալսարանում սովորելուն զուգահեռ Արդանն անցել է դերասանական վարպետության դասընթացներ, իսկ 1974 թվականին առաջին անգամ հանդես է եկել թատրոնի բեմում։ 1979 թվականին նա իր դեբյուտն է ունեցել «Շները» ֆիլմում։

1981 թվականին երիտասարդ դերասանուհին Ժերար Դեպարդիեի հետ նկարահանվել է հայտնի ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի «Հանրևանուհին» ֆիլմում։ 1982 թվականին այս դերի համար նա առաջադրվել է ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակի։

Ֆանի Արդանի ֆիլմագրությունը ներառում է շուրջ 60 ֆիլմ, որոնցից մեկ տասնյակը ներառված է համաշխարհային կինոյի ոսկե ֆոնդում։

Նրան հրավիրել են աշխարհի ամենահայտնի ռեժիսորները։ Անգլերենի գերազանց իմացության շնորհիվ նա մեկ անգամ չէ, որ նկարահանվել է եկել Հոլիվուդում։ Տաղանդավոր արտիստուհուն բախտ է վիճակվել աշխատել հայտնի ռեժիսորների և դերասանների հետ։ Արդանն աշխատել է Ալեն Դելոնի, Միկելե Պլաչիդոյի, Ֆրանկո Ձեֆֆիրելլիի, Վիտտորիո Գասմանի, Մարչելո Մաստրոյանիի և շատ ուրիշների հետ։

Երբ Արդանը ժամանել է Երևան և այցելել Փարաջանովի տուն-թանգարան, խոսել է իր հայկական ծագման մասին։ Պարզվել է, որ նրա պապը հայ է, փախստական Արևմտյան Հայաստանից։

«Հայաստանի մասին միշտ պատկերացում եմ ունեցել, ինձ համար այն հին քաղաքակրթությունների երկիր է, քրիստոնեական հավատքի գեղեցիկ ու խորհրդավոր բնօրրան։ Ես միշտ իմացել եմ Ցեղասպանության մասին, այն մասին, թե որքան դժբախտություն է կրել հայ ազգն իր երկար պատմության ընթացքում»,- խոստովանել է Ֆանի Արդանը: