Եթե Հայաստանը մասնակցի COP29-ին, կնշանակի՝ պաշտոնապես մասնակցում է Բաքվի ցեղասպան քաղաքականությանը. Սարինե Աբրահամյան

23 Օգոստոսի 2024, 22:10

Կարծիք | Քաղաքականություն


«Եթե Երևանը, հատկապես բարձր մակարդակով, մասնակցի Բաքվի COP29 համաժողովին, ապա կնշանակի, որ Հայաստանը պաշտոնապես մասնակցում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը», — AlphaNews-ին տված հարցազրույցում նշեց Հայ դատի եվրոպայի գրասենյակի հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատու Սարինե Աբրահամյանը:

Նշենք, որ Բաքվից կրկին խոսել են նոյեմբերին կայանալիք COP29 համաժողովին Հայաստանի մասնակցության մասին։ Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, COP29-ի գործադիր տնօրեն Էլնուր Սուլթանովն ասել է, որ ակնկալում են՝ Հայաստանն էլ կմասնակցի։ Ավելի վաղ ԱԳ նախարարի անունով պաշտոնական հրավեր է ստացվել։ Փաշինյանի կառավարությունն առայժմ չի արձագանքել հրավերին, սակայն բոլորովին բացառված չէ, որ հրավերը կընդունեն:

Ի՞նչ կնշանակի դա, ի՞նչ հետևանքներ կունենա հայկական շահերի համար։ Սարինե Աբրահամյանը, պատասխանելով հարցին, ընդգծում է.

«Հայաստանն իր մասնակցությամբ կհաստատի Ադրբեջանի քաղաքականությունը, Ադրբեջանի պնդումները, թե Ադրբեջանն է շահագրգռված, որ խաղաղություն կնքվի, և հայկական կողմն է խնդիր հանդիսանում, հայկական կողմն ունի տարածքային պահանջներ: Վտանգավոր է Հայաստանի արտգործնախարարի մակարդակով կամ այլ ձևաչափով այդ միջոցառմանը մասնակցելը»:

Հիշեցնենք ՝ օգոստոսի 23-ին Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին նոյեմբերին Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի անցկացման նախաշեմին Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել: Ինչո՞ւ է ԵՄ-ն շտապում: ԵՄ-ում կարծում են, թե Բաքվի պահանջներով ու պայմաններով խաղաղության պայմանագիր է լինելու, որ այն բխելու է ՀՀ շահերի՞ց: Եվ ի վերջո, ԵՄ-ն հիմա դիրքավորվում է որպես ՀՀ գործընկեր, դաշնակից, այդ գործընկերությունն էլ իր սահմաններն ունի՞: Հարցին պատասխանելով՝ Սարինե Աբրահամյանը նշում է.

«ԵՄ-ում հավատացած են, որ ինչ գնով էլ լինի, Հայաստանը պետք է գնա այդ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, թեկուզ Հայաստանի կողմից մեծ զիջումներով: ԵՄ-Հայաստան հարաբերությունների սահմանների մասով՝ ակնհայտ է, որ այդ հարաբերությունները պայմանավորված են Ռուսաստանի և Եվրամիության միջև հակամարտության և պայքարի հանգամանքով: Մեզ բոլորիս համար պետք է հստակ լինի, որ Եվրամիության հարաբերությունները Հայաստանի հետ հետապնդում են Բրյուսելի սեփական շահերը»:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Լիբանանում հավատարմագրված 44 երկրների դեսպանների նամակ է հղել, որում նշվում է՝ COP29-ը տեղի է ունենալու մի երկրում, որն էթնիկ զտում է իրականացրել Արցախում, որը շարունակում է իր բանտերում պահել հայ պատանդներին, ռազմագերիներին, որը ողբալի բնապահպանական աղետի երկիր է: Լիբանանում Կանադայի դեսպանից ստացվել է պատասխան նամակ, որում նշված է՝ «Հայաստանը համաձայնություն է տվել Բաքվում COP29-ի անցկացմանը»:

Հարցին, թե «Լիբանանում հայ համայնքի կշիռն ու ուժը հայտնի է, Փաշինյանի համաձայնությունները հանձնում են նաև Սփյո՞ւռքը», Սարինե Աբրահամյանը նշում է. «Քանի դեռ Փաշինյանի վարած կործանարար քաղաքականությունը շարունակվում է, Սփյուռքի տարբեր կառույցները՝ Լիբանանում, ԱՄՆ-ում, թե Բելգիայում կշարունակեն բարձրաձայնել հայկական հարցերը»:

Արցախի ԱԺ խմբակցությունները ևս հայտարարություն են տարածել, նշելով, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին մասնակցելու հրավեր ունեն տարբեր երկրների ղեկավարներ, պաշտոնական պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ և բազմաթիվ լրագրողներ: Միանգամայն ակնհայտ է, որ Բաքուն այդ համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրությանը և շեղելու հանրային կարծիքը իր երկրի էության հետ շաղկապված ոճրագործություններից։

Կասկածից վեր է նաև, որ նշված համաժողովին հրավիրված պաշտոնյաների և կառույցների անտարբեր մոտեցումը Ադրբեջանի ոճրագործությունների նկատմամբ այդ երկրի ղեկավարության կողմից դիտարկվելու է որպես քաջալերանք՝ իրականացված ու շարունակվող հանցագործությունների:

Արցախի Աժ-ն կոչ է անում համայն հայությանը և տարածաշրջանի խաղաղությամբ շահագրգիռ երկրներին, կազմակերպություններին ու անհատներին միանալ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի և Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի սկսած արշավին՝ տեղեկատվական դաշտում, սոցիալական ցանցերում և անհատական հաղորդակցություններով բացահայտել Ադրբեջանի նենգ մտադրությունները և սթափության կոչ հղել միջազգային հանրությանը:

Ուշադրություն դարձնո՞ւմ է միջազգային հանրությունը Արցախի ԱԺ հայտարարություններին, կա՞ն Եվրոպայում անձեր, շրջանակներ, որոնց համար Արցախի հարցը փակ չէ:

«Հայ դատի հանձնախմբերը եվրոպացի տարբեր պատգամավորների և քաղաքական գործիչների բազմիցս փաստահավաք այցերով հրավիրել են Արցախի Հանրապետություն, որտեղ նաև ծանոթացել, շփումներ են ունեցել Արցախի ԱԺ պատգամավորների հետ: Հիմա հետևում են հայտարարություններին: Պետք է ամեն ինչ անենք, որ բոլոր այս հայտարարությունները լսելի դառնան, որովհետև դրանք նաև արտահայտում են արցախահայության քաղաքական կամքը: Այս առումով, որպես Հայ Դատի հանձնախմբեր, մեր պարտականությունն է լսելի դարձնել այդ հայտարարությունները:

Անհատների, խորհրդարանների մակարդակով կա դիրքորոշումը, որ փակ չէ Արցախի հարցը: Շատ քաղաքական գործիչներ և քաղաքական շրջանակներ հասկանում են նաև, թե որքան կարևոր են արցախահայության իրավունքները, նաև վերադարձի իրավունքը պաշտպանել: Միայն այդ կերպ հնարավոր կլինի իրական և երկարատև խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև», — նշում է Սարինե Աբրահամյանը:

Հիմա եթերում