Եթե Իրանը «կուլ տա» այս հարվածը, դա կլինի Իսլամական Հանրապետության վերջի սկիզբը. Աբբաս Ջումա

Ռուսաստանցի միջազգային լրագրող Աբբաս Ջուման Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իսրայելի հարվածն Իրանին և վերջինիս հնարավոր պատասխանը՝ նշելով, որ Իսրայելն այն համոզմունքի գերին է, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում և ցանկանում է ոչնչացնել իրենց երկիրը:

«Այն, որ Իսրայելը կարող է ուղիղ հարված հասցնել Իրանին, կանխատեսելի էր։ Իսրայելը զգում էր, որ հնարավորությունների պատուհանը սրընթաց փակվում է։ Խոսքն, առաջին հերթին, Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեկընդմիշտ «հաշիվները մաքրելու» հնարավորության մասին է։ Տասնամյակներ շարունակ Իսրայելն այն համոզմունքի գերին է, որ իրանցիները միջուկային զենք են ստեղծում։

Իրանցիներն ամեն ինչ արեցին, որպեսզի ապացուցեն և՛ Իսրայելին, և՛ համաշխարհային հանրությանը, որ դա այդպես չէ։ Մենք հիշում ենք, որ որոշակի փուլում նույնիսկ համաձայնություն ձեռք բերվեց խոշորագույն տերությունների միջև, այսպես կոչված, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կնքման վերաբերյալ։ Այս փուլում ԱԷՄԳ-ի տեսուչներին թույլ են տվել հասանելիություն ստանալ իրանական օբյեկտներին, և, կարծես, իրանցիներն ամբողջ աշխարհին ապացուցել են, որ չեն ձգտում միջուկային ռումբ ստեղծել: Բայց ինչ էլ որ Իրանն անի, ինչ պայմանավորվածություն էլ ձեռք բերի, դա չի համոզում Իսրայելին, որ իրանցիները միջուկային զենք չեն ունենա։ Իսրայելն այդ մասին խոսում է տասնամյակներ շարունակ՝ հավատալով, որ Իրանն ինչ-որ բանի է պատրաստվում և մտադիր է ոչնչացնել Իսրայելը»,- ասել է Ջուման:

Փորձագետի կարծիքով՝ Թրամփը չի հասկանում Իսրայելի դիրքորոշումը, բայց նա այլընտրանք չի ունենա, քան Իսրայելին պաշտպանելը:

«Վերջին ամիսներին Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսվել են: Դոնալդ Թրամփի և Բենիամին Նեթանյահուի հարաբերությունները խիստ լարվել են Իսրայելի ղեկավարության համառ, լկտի և անբովանդակ հռետորաբանության ֆոնին, որը Թրամփը՝ որպես գործարք կնքել ցանկացող գործարար, այնքան էլ չի հասկանում և չի ընդունում: Ըստ ամենայնի, Իսրայելի խաղադրույքն այն է, որ Թրամփն այլընտրանք չի ունենա, քան իրեն պաշտպանելը»,-նշել է Ջուման:

Փորձագետի կարծիքով՝ եթե Իրանը «կուլ տա» այս հարվածը, դա կլինի Իսլամական Հանրապետության վերջի սկիզբը։

«Իսրայելը որակով ոչինչ չի կարողանում անել: Նրանք իրենց ժողովրդին ցույց չեն տվել այն հաղթանակը, որը խոստացել էին: Իսրայելի ղեկավարների կարծիքով՝ Իսրայելը երկու տարբերակ ունի՝ կամ պարտվել գոյաբանական պայքարում և մոռացության մատնվել, կամ գնալ վա-բանկ և պատերազմ սկսել: Ինչպես կարծում են իսրայելցի որոշ ղեկավարներ, այս պատերազմում կներքաշվի ԱՄՆ-ն, և այս պատերազմում կհաղթեն թեկուզ արյան գնով: Բայց հաջորդ քայլն Իրանինն է: Եվ այստեղ շատերի մոտ հարց է առաջանում՝ իրանցիները կպատերազմե՞ն, թե՞ կսահմանափակվեն ինչ-որ ցուցադրական հարձակումներով, ինչպես նախկինում էր։

Իրանցիները մինչ օրս չէին ցանկանում ինչ-որ կրիտիկական վնաս հասցնել Իսրայելին, բայց այսօր ամեն ինչ փոխվեց: Խոսքն արդեն բոլորովին այլ մասշտաբների մասին է, քանի որ հարձակման է ենթարկվել անմիջապես Իրանի տարածքը, սպանվել են առանցքային զինվորականներ, գիտնականներ։ Դա հարված է, որը պարզապես հնարավոր չէ «կուլ տալ»: Եթե իրանցիները «կուլ տան» այն, դա կնշանակի Իսլամական Հանրապետության վերջի սկիզբը, ինչին Իրանում պատրաստ չեն, քանի որ պատրաստ չեն ինքնասպանության։

Իրանն ու Իսրայելն այժմ կանգնած են ընտրության առաջ՝ ստորացման և ինքնաոչնչացման միջև։ Ընտրությունը շատ բարդ է, բայց Իսրայելը Իրանին կանգնեցրել է այս ընտրության առաջ։ Սա դժվար ընտրություն է, տեսնենք՝ Իրանը պատրա՞ստ է մեծ պատերազմի: Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է: Դե յուրե, նա պետության ղեկավարն է և նման հայտարարություններ անելու իրավունք ունի, բայց, դե-ֆակտո, մենք հասկանում ենք, որ Իսրայելի ներսում լուրջ պառակտում կա: Մարդիկ չտեսան հաղթանակ նույնիսկ Գազայի հատվածում, և շատ իսրայելցիներ չեն հավատում Իրանի նման հսկայական պետության դեմ պատերազմում հաղթանակին: Այնուամենայնիվ, Նեթանյահուն իր ժողովրդին ասում է՝ «մթերքի պաշար հավաքեք, թաքնվեք, գինը բարձր կլինի, բայց մենք անպայման կհաղթենք»,- եզրափակել է Ջուման: