Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է Հայաստանի կառավարության ոտնձգությունները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ
19 Հունիսի 2025, 13:50

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդն իր անհանգստությունն ու խորին մտահոգությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության ներկա կառավարության կողմից ձեռնարկվող այն քայլերի կապակցությամբ, որոնք ուղղված են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակության և աշխարհասփյուռ հայոց քրիստոնեության միասնականության դեմ։
«Հայաստանի Հանրապետության անվտանգային և տարածաշրջանային այս տագնապալի շրջանում նման պառակտիչ ու կործանիչ արշավ նախաձեռնելը թուլության և կարճատեսության նշան է։
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ներքին կանոնադրական հարցերը արծարծվում ու լուծվում են միայն եկեղեցական համապատասխան մարմիններում:
Ցավալի է, որ Հայաստանը նման քայլերով սրընթաց հեռանում է Եվրոպական Միության ժողովրդավարական սկզբունքներից՝ հիմնված պետության ու եկեղեցու տարանջատման վրա և դրանով վնասում իր իսկ որդեգրած դեռևս փխրուն ու դեռահաս ժողովրդավարության զարգացմանը։
Հայոց Եկեղեցու ինստիտուցիոնալ կարգավիճակը անձնավորելու, աշխարհիկ իշխանությունների կողմից Եկեղեցուն բարոյական դասեր տալու անհարիր ու անհեթեթ փորձերի փոխարեն կառավարությունը պետք է իր բոլոր ուժերը կենտրոնացնի արտաքին քաղաքական վտանգներն ու աղետները փարատելու և երկրի սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու վրա։
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը խստիվ դատապարտում է Հայաստանի Հանրապետության ներկա կառավարության ոտնձգությունները Հայոց Առաքելական Եկեղեցու դեմ և իր զորակցությունն է հայտնում Ս. Մայր Աթոռին` կոչ անելով Հայաստանի Հանրապետության իշխանություններին ձեռնպահ մնալ հայ հասարակության բևեռացումը խորացնող յուրաքանչյուր անզգույշ ու անխոհեմ քայլից»,- նշված է Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի հայտարարությունում: