Գվինեայի մայրաքաղաքում սողանքի հետևանքով 31 մարդ է զոհվել, կան անհետ կորածներ

24 Օգոստոսի 2026, 16:15

Տնտեսություն և Բիզնես

Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում աղբավայրում սողանքի հետևանքով 31 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով RFI ռադիոկայանին։

Նշվում է, որ կան նաև անհետ կորածներ։ Կիրակի գիշերը մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևը քայքայել է Դար-էս-Սալամ անունով հայտնի աղբավայրում կուտակված կենցաղային թափոնների հսկայական զանգվածը։ Արդյունքում տեղի է ունեցել աղբային սողանք, որը փլուզել է լանջի ստորոտում գտնվող տնակներն ու ժամանակավոր շինությունները։

Գվինեայի կառավարությունը տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։

Իշխանությունները բնակչությանը կոչ են արել պահպանել հանգստություն և ցուցաբերել համերաշխություն, ինչպես նաև խստորեն հետևել արտակարգ իրավիճակների ծառայությունների և համապատասխան մարմինների ցուցումներին։