Համբար Քելիքյան. Օրթոպեդիայի և վիրաբուժության ռահվիրան
17 Հունվարի 2025, 23:50

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հունվարի 17-ին ամերիկահայ անվանի օրթոպեդ-վիրաբույժ Համբար Քելիքյանի ծննդյան օրն է:
Նա ծնվել է 1899 թվականի հունվարի 17-ին Հաճնում (Արևմտյան Հայաստանում, որն այժմ Թուրքիայի կազմում է), բժիշկների ընտանիքում։ Նրա ճակատագրի վրա մեծ ազդեցություն է ունեցել հորեղբայրը՝ թուրքական բանակի գլխավոր վիրաբույժը, որը փրկել է Քելիքյանների ընտանիքին, երբ թուրքերը 1915 թվականին ավերել են նրանց գյուղը։
1920 թվականին, տեղափոխվելով ԱՄՆ, Քելիքյանը հոր խորհրդով ընդունվել է Չիկագոյի Ռաշ բժշկական քոլեջը։ Չիկագոյի համալսարանում նախագահ Հարրի Պրատ Ջադսոնից ստացել է կրթաթոշակ՝ սովորելու Չիկագոյի համալսարանում և Ռաշ բժշկական քոլեջում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Քելիքյանը հիվանդանոցում ծառայել է որպես գլխավոր օրթոպեդ և փոխգնդապետ։ Նրա հիվանդներից է եղել ԱՄՆ ապագա սենատոր և նախագահի թեկնածու Բոբ Դոլը, ում Քելիքյանը յոթ անգամ վիրահատել է:
Ծառայության համար Քելիքյանը պարգևատրվել է նախագահ Հարի Թրումենի կողմից մեդալով։
Չիկագո վերադառնալուց հետո միացել է Ուեսլի հիվանդանոցի (անգլ.՝ Northwestern Memorial Hospital) և Հյուսիսարևմտյան բժշկական դպրոցի անձնակազմին։
ԱՄՆ-ում Համբար Քելիքյանը համարվում է ժամանակակից օրթոպեդիայի հիմնադիրներից մեկը, ինչպես նաև սրունքաթաթային հոդի և ոտնաթաթի վիրաբուժության ոլորտի առաջամարտիկը: Նա գրել է մենագրություն ոտքերի հիվանդությունների և դեֆորմացիաների մասին, որը երկար ժամանակ կարևոր ուղեցույց է եղել շատ վիրաբույժների համար:
Նա գրել է երեք դասական մենագրություն ձեռքի, կոճի և ոտքի վիրահատության, ինչպես նաև մի գիրք հայ պոեզիայի մասին։ Մինչև կյանքի վերջին օրերը Քելիկյանը շարունակել է ակտիվ աշխատել. 80 տարեկանում նա շաբաթական մինչև 10 բարդ վիրահատություն է կատարել: Հարցազրույցներից մեկում բուժքույրերից մեկը խոստովանել է, որ նույնիսկ հասուն տարիքում նրա ձեռքերն ավելի ուժեղ էին, քան շատ երիտասարդ գործընկերներինը։
Ի դեպ, որդին՝ Արմեն Քելիքյանը, շարունակելով ընտանեկան ավանդույթը, Չիկագոյում դարձել է հայտնի օրթոպեդ, ոտնաթաթի և կոճի վիրաբուժության մասնագետ։
Համբար Քելիքյանը մահացել է 1983 թվականի հունիսի 24-ին։