Հարցաքննության է հրավիրվել նաև «Ուժեղ Հայաստան»-ի Վայքի պատասխանատուն. Ղահրամանյան
14 Ապրիլի 2026, 19:05
Հարցաքննության է հրավիրվել նաև մեր մյուս գործընկերուհին՝ Վերժինե Ստեփանյանը, որը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատուն է։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։
Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։
«Իրավապահները նրան ուղեկցել են Եղեգնաձորի քննչական մարմին, նրա հետ այս պահին իր փաստաբանն է գտնվում։ Մեզ անհայտ հանգամանքներում ու անհասկանալի պատճառներով Վերժինե Ստեփանյանը ուղեկցվել է իրավապահ մարմինների կողմից համապատասխան բաժին, որտեղ, ըստ ամենայնի, հարցաքննվում է։ Դեռ չգիտենք՝ ինչի համար։ Նույնը չէ, այլ հանգամանքներ են հավանաբար, բայց մի բան կարող ենք պնդել՝ սա քաղաքական հետապնդում է»,- նշել է նա։