Հավատացյալի, բարեգործի մի նախադասությունը սցենար դարձրեցին և սկսեցին գրոհել. Գասպար Կարապետյան

23 Հունիսի 2025, 21:05

Քաղաքականություն

Հայ Առաքելական եկեղեցին սոսկ կրոնական կառույց չէ, այն ազգային մեծ ավանդ ունեցող կառույց է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը:

«Եկեղեցու շնորհիվ պահեցինք մեր հավատքն ու ինքնությունը: Վարչապետն ու իր շքախումբն ասում են, որ իրենք եկեղեցու դեմ չեն, այլ դեմ են այս կամ այն սրբազանին: Չեմ կարծում, որ հայ ժողովուրդը միամիտ է և չի հասկանում: Ցանկացած կառույց հիմնված է իր անդամների վրա: Հայ եկեղեցին էլ հիմնված է իր սպասավորների և հավատացյալների վրա»,- ասել է նա:

Գասպար Կարապետյանը չի կարծում, որ նման քայլերով իշխանությունը կարող է ճնշել որևէ մեկի ազատ կամքը:

«Իշխանությունը նյարդային վիճակում է, և ինձ համար անհասկանալի են վարչապետի սպառնալիքները: Սա վարչապետին վայել կեցվածք չէ, մանավանդ՝ ֆեյսբուքում արվող հայտարարությունները: Հավատացյալի, բարեգործի, ներդրողի մի նախադասությունը սցենար դարձրեցին և սկսեցին գրոհել: Իշխանությունը պետք է հասկանա, որ սա լավ արդյունք չի ունենա: Սփյուռքը պետք է վստահ լինի, որ մեր հայրենակիցներն ազատ և ապահով ապրում են մեր երկրում: Ամեն ինչ պետք է անենք Հայաստանն ուժեղացնելու համար»,- հավելել է նա: