Բազմազավակ Մարինա Հովհաննիսյանը երկու անգամ ընդգրկվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում

22 Մարտի 2024, 13:14

Հայեր

Միներալնիե Վոդիից բազմազավակ մայր Մարինա Հովհաննիսյանն ընդգրկվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում։ Հայուհին ոչ միայն ութ երեխա է լույս աշխարհ բերել, այլև դա արել է ռեկորդային կարճ ժամանակում ՝ ընդամենը 8 տարվա ընթացքում։

Մարինան 25 տարեկանում ամուսնացել է ազգությամբ վրացի Իրակլի Շահինիձեի հետ։

«Երեխաները մեկը մյուսի հետևից ծնվեցին»,- ասել է նա:

8-րդ երեխայի ծնվելուց հետո Մարինան ռեկորդ է սահմանել «Տասը տարվա ընթացքում մեկ մորից ծնված ամենամեծ թվով երեխաներ» անվանակարգում: Իսկ երկրորդ ռեկորդը սահմանվել է անընդմեջ ծնված ամենաշատ թվով աղջիկների համար։

«Ութ երեխայով չենք սահմանափակվի: Մեր ընտանիքում ավելի շատ երեխաներ կլինեն: Ամուսնուս և ինձ դուստրերս խնդրում են ևս մեկ եղբայր, գոնե: Պատասխանում ենք՝ Աստծո կամքով»,- նշել է 40-ամյա Մարինան։

Ի դեպ, նրանք ֆորմալ առումով իններորդ երեխան ունեն իրենց ընտանիքում։ Ընտանիքը մասնակցել է «Երեխան դժոխքից» ռեալիթի շոուին, և նրանց վերադաստիարակելու համար տվել են «դժվար երեխա» Հերմանին։ Արդյունքում՝ Հերմանը ոչ միայն վերադաստիարակվել է, այլև Մարինայի ընտանիքն արդեն իրենն է համարում։