«Հայաստան» դաշինքը նույնպես կվերցնի մանդատները. հայտարարություն
06 Հուլիսի 2026, 10:00
2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները։ Այս մասին հայտարարել է դաշինքի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ընդդիմության մեծամասնություն ստացած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ևս հայտարարել էր, որ կվերցնի մանդատները։
«Հայաստան» դաշինքը հայտնել է, որ մանդատներ ստանձնելու հարցում «Հայաստան» դաշինքն առաջնորդվել և առաջնորդվելու է ընդդիմության միասնական դիրքորոշում ունենալու հրամայականով և պայքարը շարունակելու տրամաբանությամբ՝ հանրային և մասնագիտական շրջանակների հետ նախապես քննարկելով հավանական բոլոր սցենարներն ու ռիսկերը։
«Մեզ համար պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ։ Այն լրացուցիչ գործիք է, իրավական ու քաղաքական գործիքակազմ և ամենօրյա հակազդեցության հնարավորություն։ Ուստի կարծում ենք՝ առաջիկա ծանր պայքարում պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարելու համար։ Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքի բոլոր քայլերը բխելու են ՍԴ դիմած ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մեջ ամրագրված հիմնարար օրակարգից, որը ներառում է Հայաստանի Սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,քաղբանտարկյալների և ռազմագերիների իրավունքների պաշտպանություն, ինչպես նաև գործող վարչախմբի հեռացում։
«Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ պայքարի նոր, ավելի համակարգված փուլի սկիզբ։ Գիտակցելով մեր պատասխանատվությունը հայրենիքի և ընտրողների առջև՝ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ, որը քաղաքական դիմադրության առաջնագծում պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։