Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հայտը ավելի շատ PR է և հանրության համար խաղ․ Վալդեմար Գերդտ
24 Օգոստոսի 2026, 22:30
Բունդեսթագի նախկին պատգամավոր Վալդեմար Գերդտը Alpha News-ի զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Երևանը մոտ ժամանակներս կսկսի Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու գործընթացը։
Քաղաքական գործչի խոսքով՝ հայտ ներկայացնելու փաստն ինքնին դեռ չի նշանակում ԵՄ անդամակցության ուղղությամբ իրական առաջընթաց և կարող է ավելի շուտ դիտարկվել որպես քաղաքական ու տեղեկատվական քայլ։
«Թուրքիան, որքան հիշում եմ, մոտ 50 տարի առաջ է հայտ ներկայացրել ԵՄ-ին անդամակցելու համար, և այդ ամբողջ ընթացքում նրան տարբեր պայմաններ են առաջադրվել։ Թուրքիան փորձել է դրանք կատարել, ինչ-որ բաներ անել։ Իսկ հիմա Էրդողանն, ըստ էության, ասել է՝ գիտե՞ք ինչ, բավական է։
Հետևաբար, հայտ ներկայացնելն ինքնին ոչինչ չի նշանակում, բացի PR-ից և հանրության համար աշխատելուց։ Իբր՝ տեսեք, մենք արդեն ԵՄ-ին անդամակցության հայտ ենք ներկայացրել։ Բայց Եվրամիությանն անդամակցող երկրներին առաջադրվող պայմանները շատ խիստ են։ Մնացած ամեն ինչ կարող է տարիներ և տասնամյակներ տևել։ Այդ ընթացքում հենց Եվրամիությունն էլ կարող է դադարել գոյություն ունենալ այն ձևաչափով, որով գոյություն ունի այսօր։ Նա ապրում է իր վերջին տարիները», — ասել է Գերդտը։