Հայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան

12 Օգոստոսի 2026, 19:15

Քաղաքականություն

Հայաստանում շուրջ 8 տարի համաներում չի հայտարարվել։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը։

Պատգամավորի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից որևէ կառուցողական կամ գործնական առաջարկ չի հնչել, մինչդեռ համաներում չկիրառելը լուրջ ռիսկեր է առաջացնում։ Ըստ Գասպարյանի՝ իշխող կուսակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանն իր խոսքում նշել է, թե համաներումն ընդունելի ճանապարհ չէ, և յուրաքանչյուր դեպքի պետք է ցուցաբերել անհատական մոտեցում։

«Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ։ Ի՞նչ է մեզ տալիս տևական ժամանակ համաներում չկիրառելը։ Դա կարող է հանգեցնել ոչ միայն առանձին անձանց, այլև քրեական արդարադատության ամբողջ համակարգի խնդիրների»,- ընդգծել է Գասպարյանը։