Հայաստանը չունի որևէ այլ երկրի տարածքի նկատմամբ հավակնություններ․ Նարեկ Կարապետյան

10 Օգոստոսի 2026, 11:20

Քաղաքականություն

Ազգային ժողովում շարունակվում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրության հարցի քննարկումը։ Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Արամ Վարդևանյանի մասնագիտական և մարդկային որակներին՝ ընդգծելով նրա իրավագիտական գործունեությունն ու մի շարք անձանց ցուցաբերած աջակցությունը։

«Վարդևանյանը բավականին բարձր սանդղակի մասնագետ է և, բացի մասնագիտական տվյալներից, ունի նաև գաղափարական հենք։ Այս ընթացքում մեր հարյուրավոր գործընկերներ կալանավորվել են, և նա տասնյակ մարդկանց առանց որևէ փոխհատուցման մասնագիտական աջակցություն է տրամադրել, որի արդյունքում շատերն այսօր իրենց ընտանիքների հետ են։ Իմ կարծիքով՝ կա մինիմում 3-4 պատգամավոր, որ այստեղ են միայն նրա շնորհիվ, որ Արամ Վարդևանյանը ժամանակին ճիշտ իրավագիտական լուծում է տվել։ Մեկն էլ ես եմ»,- նշել է Կարապետյանը։

Անդրադառնալով հայրենիքի ընկալման շուրջ ծավալված քաղաքական բանավեճերին՝ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրենց առաջարկած մոդելը ֆիքսում է երկու կարևոր իրականություն։

«Առաջինը՝ կա Հայաստանի Հանրապետությունն՝ իր սահմաններով, որը որևէ նկրտում չունի որևէ այլ երկրի որևէ մետրի նկատմամբ։ Օրինակ՝ Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն։ Բայց կա նաև պատմական հայրենիքը, որն իրապես փաստ է։ Մեր հայրենակիցների մեծամասնության նախնիները Հայկական բարձրավանդակի այլ հատվածներից են, և մենք չենք կարող չասել, որ 2000 տարի ապրել ենք այդ հողում, դա պատմական ճշմարտության խեղում կլինի»,- ընդգծել է նա։