Հայոց ցեղասպանության ճանաչումը յուրաքանչյուր հայի սրբազան ուխտն է․ Եզրաս արքեպիսկոպոս

24 Ապրիլի 2026, 14:55

Քաղաքականություն

Յուրաքանչյուրի պարտքն է անել իրենից կախված ամեն ինչ, որպեսզի մարդկության դեմ այնպիսի հանցագործություններ, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է, այլևս երբեք չկրկնվեն։ Մոսկվայում, Հայ Առաքելական եկեղեցու Տիրոջ Պայծառակերպության մայր տաճարի մոտ հավաքվածներին ասել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը։

«Ինչպես ասել են եկեղեցու հայրերը, Աստծո մոտ մեռածներ չկան։ Աստծո մոտ բոլորը կենդանի են։ Եվ այսօր այս սրբազան օրը մենք մատուցեցինք աղոթք՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների, որպեսզի պահենք և հաստատենք ճշմարտությունն ու արդարությունը, դիմակայենք չարին ու ստին, անենք մեզանից կախված ամեն ինչ՝ մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու համար։

Եվ տեսնելով, որ այսօր ամբողջ աշխարհը պատված է կրակով, մարդկանց նկատմամբ ատելությամբ, մենք չենք կարող անտարբեր մնալ։ Եվ երբ տեսնում ենք աշխարհում տեղի ունեցողը՝ Մերձավոր Արևելքում, ավերված Արցախում, Ուկրաինայում, թե ինչպես են վանդալները շարունակում քանդել և պղծել մեր սրբությունները, մենք չենք կարող մի կողմ մնալ։ Հայոց ցեղասպանության ճանաչումը յուրաքանչյուր հայի սրբազան ուխտն ու հավատարմության գրավականն է»,- ասել է արքեպիսկոպոսը։