ՀՀ-Ադրբեջան միջանցքը կարող է ամրապնդել տարածաշրջանային առևտուրը և ԱՄՆ-ի շահերը․ Ռուբիո
04 Հունիսի 2026, 13:43
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի շրջանակում ձևավորվող նոր տարանցիկ միջանցքը կարող է Հայաստանը դարձնել տարածաշրջանային առևտրային կենտրոն և բացել տնտեսական հնարավորություններ ամերիկյան բիզնեսի համար։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթ ունենալով՝ Ռուբիոն TRIPP նախագծին անդրադարձել է որպես ձևավորվող խաղաղության ճարտարապետության «հիմնասյուն»՝ ընդգծելով, որ դրա նշանակությունը գերազանցում է միայն հակամարտության կարգավորումը։
Նրա խոսքով՝ միջանցքը կարող է «վերափոխել Հայաստանի ռազմավարական դիրքը» և երկիրը դարձնել Հարավային Կովկասի ու հարակից տարածաշրջանների կենտրոնական առևտրային հանգույց։
Ռուբիոն նշել է, որ նախագիծը կարող է բավարարել Ադրբեջանի երկարամյա պահանջը՝ վստահելի տարանցման հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև ընդլայնել առևտրային կապերը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։
Նրա գնահատմամբ՝ միջանցքը կարող է նպաստել էներգակիրների, օգտակար հանածոների և ապրանքների տեղափոխմանը դեպի արևմտյան շուկաներ՝ նվազեցնելով կախվածությունը Ռուսաստանից, Չինաստանից և Իրանից անցնող երթուղիներից։
Պետքարտուղարը նաև նշել է, որ այս համաձայնությունը դիտարկվում է որպես ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ընդլայնման մաս, որոնք տարիներ շարունակ գրեթե սառեցված են եղել։
Նրա խոսքով՝ նոր մոտեցումը կարող է խթանել ավելի խոր տնտեսական համագործակցություն և ուժեղացնել ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանում։
Ռուբիոն հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կկարողանա խրախուսել մասնավոր հատվածի ներդրումները ենթակառուցվածքներում և լոգիստիկայում՝ այդ նախաձեռնությունը դիտարկելով և՛ որպես խաղաղության կառուցման քայլ, և՛ որպես տնտեսական հնարավորությունների ընդլայնում։