ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին

10 Մարտի 2025, 20:33

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին: Տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը կապի մեջ է տեղական իշխանությունների և համայնքային կառույցների հետ: Վերջին օրերին ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսությանն ուղղված դիմումների բովանդակության փոփոխություն չի գրանցվել. դրանք հիմնականում վերաբերել են ընթացիկ հյուպատոսական բնույթի հարցերի»,- ասել է Բադալյանը:

Հիշեցնենք, որ Սիրիայում վերջին օրերին կրկին լարված իրավիճակ է։ Զանգվածային բախումներ են տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև։

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ մարտի 6-ից ի վեր զոհվել է 1311 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի և պաշտպանության նախարարության 231 ներկայացուցիչ, նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի 250 կողմնակից և 830 խաղաղ բնակիչ։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և ՄԱԿ-ը կոչ են արել անկախ և թափանցիկ հետաքննություն անցկացնել՝ բացահայտելու տեղի ունեցած հանցագործությունները։