Հունիսի 7-ը ընտրություն է պետականության պահպանման կամ դրա քայքայման միջև․ Ռոբերտ Քոչարյան

28 Մայիսի 2026, 20:12

Քաղաքականություն

Սարդարապատը պարզապես մեր պատմության հերոսական էջը չէ։ Այն հիշեցնում է, թե ինչ կարող է անել հայ ժողովուրդը, երբ վտանգված է պետականությունը և երբ նա միասնական է։ Այս մասին Սարդարապատում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«108 տարի առաջ մեր ժողովուրդը կանգնեց ընտրության առաջ և ընտրեց պայքարը, ընտրեց պետությունը։ Այսօր իրավիճակն այլ է, սակայն վտանգը նույնքան իրական է։ Այս տարիներին Հայաստանը թուլացել է, Հայաստանին թուլացրել են»,-ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ Հայաստանը ներսից պառակտվել է, իսկ ժողովուրդը հոգնել է ստից, ատելությունից և անպատասխանատվությունից։

«Մարդիկ հոգնել են անվերջ խոստումներից, քաոսից և պարտություններից։ Ես դա շատ լավ հասկանում եմ՝ բոլորս ենք հոգնել։ Բայց կա մի ճշմարտություն․ պետությունն ինքն իրենով չի պահպանվում։ Այն պահում են մարդիկ՝ իրենց կամքով, պատասխանատվությամբ և որոշմամբ»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա նաև նշել է, որ հունիսի 7-ը սովորական ընտրության օր չէ․ «Սա ընտրություն է մեր պետականության պահպանման կամ դրա քայքայման միջև»։

Հիմա եթերում