Հրաչյա Ներսիսյան․ Հայկական կինոյի դասականը

06 Դեկտեմբերի 2024, 22:30

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հրաչյա Ներսիսյանը կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։

Նա ծնվել է 1895 թվականին Նիկոմեդիա քաղաքում (ներկայիս Թուրքիայի Իզմիթ), արհեստավորի ընտանիքում։ Ներսիսյանը սովորել է ֆրանսիական և ամերիկյան քոլեջներում, Պոլսի հայկական դպրոցում։

1915 թվականից ակտիվորեն մասնակցել է Թուրքիայում հայկական դրամատիկական թատերախմբերի և օպերետների ներկայացումներին։ Երեք տարի անց նա դարձել է Կոստանդնուպոլսի հայկական դրամատիկական թատրոնի դերասան։

1922 թվականին այլ դերասանների հետ, որոնց թվում էր նաև Վահրամ Փափազյանը, տեղափոխվել է Հայաստան և միացել Առաջին պետթատրոնի կազմին։

Երկրպագուները բազմիցս նշել են, որ Ներսիսյանն ուներ անհավանական խարիզմա, դերասանական հմայք։

Ներսիսյանը խաղացել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նամուս», «Պեպոն», «Կիկոսը», «Տժվժիկը», «Պատվի համար» և այլն։

Ի դեպ, «Պեպո» ֆիլմի 75-ամյակի կապակցությամբ թողարկվել է Հրաչյա Ներսիսյանի պատկերով փոստային նամականիշ։
Նրա որդին գրականագետ Լևոն Ներսիսյանն էր։

Հրաչյա Ներսեսյանը մահացել է 1961 թվականի նոյեմբերի 6-ին Երևանում և թաղվել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։