Հրանտ Զաբունյանը՝ «Տարվա վիրաբույժ»

26 Սեպտեմբերի 2024, 15:00

Հայեր

Կրասնոդարից հայազգի բժիշկ, ուռուցքաբան Հրանտ Զաբունյանը ճանաչվել է «Տարվա վիրաբույժ»։ Մրցանակը նրան է հանձնվել «Հանուն կյանքի» միջազգային ֆորումի բացման արարողության ժամանակ։

Հրանտ Զաբունյանը ներկայացրել է չարորակ ուռուցքների հեռացումից հետո հիվանդների վերականգնողական-պլաստիկ վիրաբուժության իր նախագիծը։

«Սա ոչ միայն իմ, այլև համախոհների մի ամբողջ թիմի հաղթանակն է։ Վիրաբույժները, անեսթեզիոլոգները, բուժքույրերը, սանիտարները մեծ թիմ են, որոնք ամեն ինչ անում են, որ մենք ոչ միայն փրկենք մարդկանց կյանքը, այլև օգնենք հիվանդին վերադառնալ նորմալ կյանք: Մեր կլինիկան ակտիվորեն ներդնում է ամենաառաջադեմ տեխնոլոգիաները ախտորոշման և բուժման գործընթացում»,- ասել է Հրանտ Զաբունյանը։