Ինչ է սպասվում ամերիկահայերին Թրամփի ընտրվելուց հետո․ մեկնաբանում է Լևոն Բարոնյանը

16 Հունվարի 2025, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Դոնալդ Թրամփը վերընտրվելուց հետո մեծ ուշադրություն է դարձնելու ԱՄՆ ներքին խնդիրներին։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Օրակարգ» թերթի խմբագիր, հասարակական գործիչ Լևոն Բարոնյանը։

«Եթե խոսենք, թե ինչ է սպասվում ամերիկահայերին Դոնալդ Թրամփի վերընտրմամբ, պետք է նշել, որ նա ուշադրություն է դարձնելու մեզ ամեն օր անհանգստացնող հարցերի վրա։ Դա տնտեսությունն է, տեղական անվտանգությունը, գնաճը և այլն։ Իսկ Ամերիկայի արտաքին քաղաքականության օրակարգին ավելի քիչ ուշադրություն կդարձնի, ավելի մեկուսացված քաղաքականություն կվարի։ Նրանից կարող ենք նաև ծայրահեղ քայլեր սպասել, և ոմանց համար այդ քայլերը կարող են ողջունելի լինել։ Այդ ծայրահեղ քայլերից կարող է լինել Կանադան ԱՄՆ-ին միացնելը։ Բայց չեմ կարծում, թե նախագահ Թրամփը լուրջ միջոցների կդիմի Կանադան ԱՄՆ-ին միացնելու համար, նա ուղղակի հոգեբանական ճնշում է փորձում բանեցնել մարդկանց նկատմամբ։ Բայց եթե դիտարկենք այնպես, որ ԱՄՆ-ն ապահովում է Կանադայի անվտանգությունը, բայց փոխարենը քիչ բան է ստանում, ապա այստեղ մտածելու առիթ կա»,- նշել է Բարոնյանը։

Խոսելով վերջին շաբաթներին ԱՄՆ-ում մոլեգնած անտառային հրդեհների մասին՝ նա ընդգծել է․

«Ես ամբողջ կյանքս Լոս Անջելեսում եմ ապրել, և պետք է խոստովանեմ, որ նման ուժգնությամբ քամիներ ես չեմ տեսել։ Այս առումով այն աննախադեպ աղետ էր, որը շատ բարդացրեց մարդկանց կյանքը։ Ինչպես գիտենք վերջին 6 ամիսներին մի շարք ապահովագրական ընկերություններ հրաժարվել են իրենց պարտականությունները կատարել, բայց այդ ամենը պատահական չի եղել։ Ասել, որ հատուկ են արել, սխալ կլինի, բայց վերլուծությունների արդյունքում հասկացել էին, որ նման բան կարող է լինել։ Եվ այդտեղ մի քանի պատճառներ կան, որ նման եզրակացության են եկել։ Եթե կհիշեք, անցյալ տարի Լոս Անջելեսում աննախադեպ անձրևներ տեղացին։ Այդ օրերին Կառավարությունը կրկին չկարողացավ բավարար կերպով լուծել առաջացած խնդիրները։ Բայց այդ անձրևների շնորհիվ բուսականությունը շատացավ, և կրկին համապատասխան կերպ չմշակվեցին, ևայսօր տեսնում ենք, թե դա ինչի հանգեցրեց»։