Ինչո՞ւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի իրավունքը չի իրացվել․ Արամ Վարդևանյան

02 Օգոստոսի 2026, 10:59

Քաղաքականություն

Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի բացման նիստում «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը բարձրացրել է նիստին Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայության և նրա սահմանադրական իրավունքի իրացման հարցը՝ դիմելով նիստը նախագահող, տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովին։

Վարդևանյանը հիշեցրել է, որ ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Պարո՛ն Հասանով, մենք, ի վերջո, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կարգավորումների հիման վրա ենք առաջին նստաշրջանի անցկացումը մեկնարկում։ Համաձայն նշված կարգավորման՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Մեր խմբակցության կողմից նշված հարցը բարձրաձայնվեց»,- նշել է Վարդևանյանը։

Պատգամավորն ընդգծել է, որ նիստը նախագահողն իր ելույթում ինքն էր հիշատակել նախորդ գումարումների նիստերը, որոնց Վեհափառ Հայրապետը մասնակցել է, և պարզաբանում է պահանջել տեղի ունեցածի վերաբերյալ։

«Դուք, լինելով նիստը նախագահողը՝ տարիքով ավագը, ձեր խոսքում հիշատակեցիք 6-րդ, 7-րդ, 8-րդ գումարման Ազգային ժողովների առաջին նստաշրջանի նիստերը, որտեղ Վեհափառ Հայրապետը ներկա է եղել։ Հիմա այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ նշված իրավունքը չի իրացվել։»,- հայտարարել է Արամ Վարդևանյանը։