Ինչո՞ւ է Պուտինը շնորհավորել Քոչարյանին, իսկ Փաշինյանին՝ ոչ․ Աննա Գրիգորյանի մեկնաբանությունը

31 Օգոստոսի 2026, 12:30

Քաղաքականություն

ՌԴ նախագահի քայլերը լիովին օրինաչափ են և արտացոլում են ստեղծված քաղաքական իրողությունները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն՝ անդրադառնալով ՌԴ նախագահի կողմից Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորելու, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու առիթով չշնորհավորելու հանգամանքին:

«Նախ՝ ինչո՞ւ է Վլադիմիր Պուտինը շնորհավորել նախագահ Քոչարյանին. կարծում եմ՝ դա ակնհայտ է՝ հաշվի առնելով երկար տարիների, այդ թվում՝ ընկերական հարաբերությունները և գործընկերային բարձր մակարդակը: Իսկ թե ինչո՞ւ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, դա ևս ակնհայտ է՝ հաշվի առնելով, որ այսօր Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բավականին բարդ փուլում են՝ այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով:

Իհարկե, բավականին լուրջ ազդեցություն է ունեցել նաև նրա լեգիտիմության պակասը, քանի որ ամբողջ քարոզարշավը և ընտրական պրոցեսը ուղղորդվել են համատարած ընտրախախտումներով, իսկ վերջում «Բարգավաճ Հայաստան»-ի ձայները բառացիորեն գողացվել են: Հետևաբար, լեգիտիմության ընդգծված դեֆիցիտի պայմաններում տրամաբանական է չշնորհավորելը»,- նշել է պատգամավորը: