Իշխանության նպատակը ընդդիմադիր առաջնորդներին չեզոքացնելն է․ Արման Աբովյան

06 Հուլիսի 2026, 11:32

Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը իրականացվող խուզարկությունն ու ընթացող գործընթացները խիստ քննադատության է ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը։

Նա տեղի ունեցողը որակել է որպես ընդդիմության նկատմամբ կատաղի ճնշումների շարունակություն, որն իրականացվում է առաջին իսկ աշխատանքային օրը՝ Սահմանադրական դատարանի որոշումից անմիջապես հետո։

Աբովյանը զուգահեռներ է անցկացրել ուժայինների գործողությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ մեկնելու հետ։

«Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է ՌԴ, և հենց այսօր էլ տեղի է ունենում այս… չգիտեմ՝ խուզարկությո՞ւն անվանեմ, թե՞ խուժանություն։ Եթե այս համառությամբ և այս կիսառազմականացված օպերացիայի տրամաբանության մեջ նույն կերպ պաշտպանեին Հայաստանի Հանրապետության շահերը, ապա, կարծում եմ, մենք ավելի լավ ու ավելի անվտանգ երկիր կունենայինք»,- նշել է նա։

Ըստ ԲՀԿ անդամի՝ իշխանության գործողությունները նպատակ ունեն ոչ թե պարզապես լռեցնել, այլ ամբողջությամբ չեզոքացնել ընդդիմադիր դաշտի առաջնորդներին, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանին։