Իվան Ղալամյան. Ականավոր ջութակահարն ու մանկավարժը
23 Հունվարի 2025, 23:54

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հունվարի 23-ն ականավոր ջութակահար Իվան Ղալամյանի ծննդյան օրն է:
Իվան Ղալամյանը ծնվել է 1903 թվականին Իրանում։ Հետագայում նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նա սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերությանը կից երաժշտական դպրոցում՝ Կոնստանտին Մոստրասի ղեկավարությամբ: 16 տարեկանում ընդունվել է Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախումբ։
1919 թվականին Ղալամյանը հաստատվել է Փարիզում, որտեղ սովորել է հայտնի ջութակահար Լյուսիեն Կապեի մոտ։ 1924 թվականին նա իր դեբյուտը կատարել է որպես մենակատար, այնուհետև սկսել է իր մանկավարժական գործունեությունը Փարիզի Ռուսական կոնսերվատորիայում, որտեղ պրոֆեսորների թվում էին այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Ռախմանինովը, Մետները և Գլազունովը:
1937 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջ։ 1944 թվականից դասավանդել է Կուրտիսի երաժշտական ինստիտուտում, այնուհետև աշխատանքի է անցել Նյու Յորքի Ջուլիարդ Սքուլում, որտեղ հետագայում ղեկավարել է ջութակի բաժինը։ Նրա աշակերտների թվում էին այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Իցհակ Պերլմանը, Պինկաս Ցուկերմանը, Միրիամ Ֆրիդը, Դմիտրի Սիտկովեցկին, Մայքլ Ռաբինը, Առնոլդ Սթայնհարդտը, Դեյվիդ Նադիենը և շատ ուրիշներ: Իսահակ Շտեռնը Ղալամյանին անվանել է ԱՄՆ-ում ջութակի ամենաարդյունավետ ուսուցիչը։
Իվան Ղալամյանը թողել է ջութակի վարպետության երկու դասագիրք՝ «Ժամանակակից ջութակի տեխնիկան» և «Ջութակի կատարման և դասավանդման սկզբունքները»: Ջութակահարը խմբագրել է նաև ջութակի երգացանկի բազմաթիվ նշանակալի ստեղծագործություններ, այդ թվում՝ Բախի, Վիվալդիի, Վենյավսկու, Դվորժակի կոնցերտները, Պագանինիի կապրիսները և Բրամսի սոնատները։
Իվան Ղալամյանը կյանքից հեռացել է 1981 թվականի ապրիլի 14-ին Նյու Յորքում: