Իվետա Տոնոյան․ Ծառուկյանի գործը քաղաքական վրեժխնդրության դրսևորում է
07 Հուլիսի 2026, 12:41
Տեղի ունեցողն ակնհայտ քաղաքական վրեժխնդրություն է, որն իրականացվում է իրավական կոպիտ ու անփույթ ձևակերպումներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խոսնակ Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ձեռնարկություններում իրականացված իրավական գործընթացներին։
Նրա խոսքով՝ նախօրեին Գագիկ Ծառուկյանի տանն իրականացված խուզարկությունն, ըստ էության, կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկարատևներից մեկը, քանի որ այն տևել է շուրջ 13 ժամ։ Դրանից հետո, ըստ նրա, արդեն Քննչական կոմիտեում տեղի են ունեցել հարցաքննությունները։
«Պարոն Ծառուկյանին տեղափոխեցին դատարանի Ավանի նստավայր՝ կալանքի միջնորդության հարցը քննարկելու համար, բայց մի քանի ժամ բակում սպասելուց հետո նոր միայն տեղեկացրեցին, որ նիստը հետաձգվում է առավոտյան ժամը 9-ին։ Այս փաստերը բարձրաձայնում եմ, որպեսզի հանրության ուշադրությունը հրավիրեմ այն հանգամանքի վրա, թե որքան անփույթ ու թափթփված կերպով է այս ամբողջ գործընթացն իրականացվում»,- նշել է Տոնոյանը։
ԲՀԿ խոսնակը նաև ասել է, որ իր թե՛ լրագրողական, թե՛ պատգամավորական գործունեության ընթացքում չի հիշում որևէ գործ, որն «այս կարգի դատարկ, մտածածին ու ուռճացված լինի»։