Կան հարցեր, որոնք տասնամյակների ընթացքում չեն լուծվել և բարդացել են. Մարիա Զախարովա

23 Հունվարի 2025, 18:22

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցին և նշել, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ադրբեջանցի և հայ գործընկերներին փախստականների իրավունքների պահպանման, պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանման, ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորածների որոնման, բոլոր պահվող անձանց փոխանակման և վերադարձի հարցերում:

«Եթե ընդհանուր առմամբ խոսենք հայ-ադրբեջանական հակամարտության մասին, որը երկար տարիներ հնարավոր չէր դադարեցնել, չնայած տարբեր փորձերին, այն հանգեցրեց հսկայական թվով խնդիրների, այդ թվում՝ Բաքվի և Երևանի միջև հսկայական հումանիտար խնդիրների պատճառ դարձավ: Եռակողմ գործընթացի շրջանակներում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել նաև հումանիտար հարցերի լուծման անհրաժեշտության վերաբերյալ: 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարության մեջ ասվում է, որ «կողմերը համաձայնել են լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված մնացած խնդիրների անհապաղ լուծմանը, ներառյալ հումանիտար հարցերի բլոկը։ Մենք վերահաստատում ենք հավատարմությունը տվյալ պայմանավորվածություններին։

Մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ադրբեջանցի և հայ գործընկերներին՝ փախստականների իրավունքների պահպանման, պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանման, ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորածների որոնման, բոլոր պահվող անձանց փոխանակման և վերադարձի հարցերում: Վստահ եմ, որ դա կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության և երկխոսության մթնոլորտի ստեղծմանը։ Կան հարցեր, որոնք բարդացել են տասնամյակներ շարունակ, չեն լուծվել, այլ միայն բարդացել են։ Եվ այդ հարցերը մեկ վայրկյանում չեն առաջացել, դրանք խնդիրների թնջուկի մի մասն են, որոնք ձևավորվել են մի քանի տասնամյակ», — ասել է Մարիա Զախարովան։