Կառավարությունը 1.9 մլրդ դրամ է հատկացրել «Հայփոստ»-ին՝ սնանկացումից փրկելու համար․ Մեսրոպ Մանուկյան
05 Օգոստոսի 2026, 11:59
2024 թվականի օգոստոսի 15-ի կառավարության որոշմամբ ավելի քան 1.9 միլիարդ դրամ է տրամադրվել «Հայփոստ» ընկերության կանոնադրական կապիտալի համալրման համար, որպեսզի այն չսնանկանա։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Նա միաժամանակ նշել է, որ բաց աղբյուրներում առկա հաշվետվության համաձայն՝ բաժնետոմսերի օտարումից մուտքագրվել է 1 մլրդ 357 միլիոն դրամ, ինչը, ըստ Մանուկյանի, Սարյան փողոցում գտնվող փոստի շենքի վաճառքի արդյունքն է, և այդ միջոցները նույնպես ուղղվել են ընկերության աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը։
«Ո՞նց կարելի է ուրանալ կառավարության տված փողն ու աշխատանքը։ Բաբկեն Թունյանն ասում էր, թե աշխատանքային ֆոնդը չի ավելացել, բայց 2019 թվականին, ըստ «Գրանտ Թորնթոնի» աուդիտի, այն կազմել է 770 մլն դրամ, իսկ այսօր արդեն 1 մլրդ 300 մլն դրամ է։ Եթե տարեվերջին ընկերությունը վնասով է աշխատում, այդ բացը պետք է լրացվի՝ կա՛մ վարկի, կա՛մ սեփականատիրոջ կողմից կապիտալի համալրման միջոցով։ Պետությունը ճիշտ է արել, որ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Հայփոստ»-ին, սակայն այդ փաստը ուրանալն անընդունելի է»,- հայտարարել է նա։
Անդրադառնալով նաև Երևանի մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներին՝ Մեսրոպ Մանուկյանը նշել է, որ դրանք հաճախ ձգձգվում են 6-8 տարի։
«Գիտե՞ք, թե Երևանում քանի տարի է պահանջվում մանկապարտեզ կառուցելու կամ վերանորոգելու համար։ 6, 7, 8 տարի և աշխատանքները չեն ավարտում։ Եկեք միասին գնանք, օրինակ, 95, 105, 137 մանկապարտեզները։ 95-րդ մանկապարտեզում երեխաներին արդեն տեղավորել են, բայց նկուղում կոյուղին չեն մաքրել, իսկ բակը խայտառակ վիճակում է։Դա ուղղակի ամոթ է»,- ասել է Մեսրոպ Մանուկյանը։