Գարբիս Զաքարյան․ Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը
02 Հունիսի 2025, 22:00

Սպորտի պատմությունը լի է զարմանալի ճակատագրերով, և Գարբիս Զաքարյանի անցած ուղին դրա վառ վկայությունն է:
Գարբիս Զաքարյանը ծնվել է 1930 թ. հունիսի 2-ին Ստամբուլի հայկական Շիշլի թաղամասում: Նա դարձել է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը` հաղթահարելով բազում մարտահրավերներ: Թուրքիայում նա հայտնի է «Երկաթե բռունցք» մականվամբ:
Գարբիսը մեծացել է հայկական ընտանիքում և հաճախել տեղի Եսայան դպրոցը։ Սակայն երբ հայրը ծանր հիվանդացել է, նա՝ հինգերորդ դասարանի աշակերտ, ստիպված է եղել թողնել դպրոցը՝ ընտանիքին օգնելու համար։ Աշխատելով որպես թերթ վաճառող՝ շուտով նա սկսել է հետաքրքրվել բռնցքամարտով։ Շրջադարձային պահը 14 տարեկանում Բոսֆորի մրցաշարին մասնակցելն էր: Այս իրադարձությունը որոշել է նրա հետագա ճակատագիրը:
Արդեն 1947 թ. նա դարձել է Ստամբուլի, իսկ մեկ տարի անց՝ Թուրքիայի չեմպիոն։ 1949 թ. նա ներկայացրել է ազգային հավաքականը Իսպանիայի դեմ խաղում՝ դառնալով առաջին բռնցքամարտիկը, որը ներկայացրել է Թուրքիան պրոֆեսիոնալ բռնցքամարտում։
1951 թ. Գարբիս Զաքարյանը պատմության մեջ մտավ որպես Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Նրա կարիերայի ուղին տպավորիչ էր. նա մասնակցել է 206 սիրողական և 42 պրոֆեսիոնալ հանդիպման՝ ելույթ ունենալով աշխարհի տասնյակ երկրներում։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտում նա 28 հաղթանակ է տարել, 9 անգամ պարտվել, 5 անգամ մենամարտերն ավարտվել են ոչ-ոքի։ 1964 թ. դարձել է Մերձավոր Արևելքի չեմպիոն՝ ամրապնդելով իր կարգավիճակը միջազգային ասպարեզում։
1966 թ. կարիերան ավարտելուց հետո Զաքարյանը նվիրվել է մարզչական գործին։ Նրա ուղին շարունակել են նրա սաները, որոնցից ամենահայտնիներից մեկը Եվրոպայի առաջին թուրք չեմպիոն Ջեմալ Քամաջին էր։
Զաքարյանը մահացել է 2020 թ. հունվարի 25-ին և թաղվել Շիշլիի հայկական գերեզմանատանը։ Հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցում հրաժեշտի արարողությունը համախմբել էր մարզաշխարհի ներկայացուցիչներին, այդ թվում՝ Թուրքիայի սպորտի նախարարին, Ստամբուլի քաղաքապետին և Թուրքիայի մարտարվեստների ֆեդերացիայի նախագահին։
2023 թ. կայացել է Զաքարյանի կյանքին և կարիերային նվիրված վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ցուցադրությունները տեղի են ունեցել Ստամբուլի Աթաթուրքի անվան մշակութային կենտրոնում և ուղեկցվել է լեգենդար բռնցքամարտիկին նվիրված ցուցահանդեսով: