Կինոն՝ ցավի և հույսի տարեգրություն․ ինչպես է Ջիվան Ավետիսյանն աշխարհին պատմում Արցախի մասին ճշմարտությունը

19 Նոյեմբերի 2026, 22:00

Հայեր

1981 թվականի նոյեմբերի 19-ին Գյումրիում ծնվել է հայ կինոռեժիսոր և պրոդյուսեր Ջիվան Ավետիսյանը, որի ստեղծագործությունները աշխարհին են ներկայացրել պատերազմի միջով անցած մարդկանց ճակատագրերի մասին հուզիչ պատմություններ։

Նրա մանկությունն անցել է ծանր փորձությունների միջով։ Յոթ տարեկանում նա ականատես է եղել 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժին։ Դրանից հետո ընտանիքը տեղափոխվել է Արցախ՝ Ստեփանակերտի մերձակայքում գտնվող Խաչմաչ գյուղ։ Այստեղ էլ անցել են նրա մանկության տարիները՝ Արցախյան առաջին պատերազմի իրադարձությունների և պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում։ Հենց այս անձնական ապրումներն ու վաղ տարիքում ունեցած փորձառություններն են ձևավորել նրա ստեղծագործական աշխարհայացքն ու արվեստի գլխավոր առաքելությունը՝ աշխարհին պատմել Արցախի մարդկանց ճակատագրերի, նրանց ցավի, տոկունության, մարդկայնության և հայրենի հողին կապվածության մասին։

Կինոյի հանդեպ սերը Ջիվան Ավետիսյանի մեջ ծնվել է դեռ մանկուց։ Նա հաճախել է Ստեփանակերտի թատերական ստուդիա, ռեժիսորական դասընթացներ անցել Հայաստանի հանրային հեռուստատեսությունում, ծառայել Արցախի պաշտպանության բանակում, ապա ավարտել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Մասնագիտական ուղին շարունակել է հեռուստատեսությունում՝ աշխատելով նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորի պաշտոնում։ 2014 թվականին նա ստանձնել է «Fish eye Art» մշակութային հիմնադրամի ղեկավարումը։

Ռեժիսորի միջազգային ճանաչման գործում առանձնահատուկ դեր է ունեցել արցախյան հակամարտությանը նվիրված նրա գեղարվեստական եռագրությունը՝ «Թևանիկ» (2014), «Վերջին բնակիչը» (2016) և «Դրախտի դարպասը» (2019) ֆիլմերը։ Այս կինոնկարներում նկարահանվել են հայ և եվրոպացի ճանաչված դերասաններ։ Ֆիլմերը ներկայացվել են Կաննի կինոփառատոնի կինոշուկայում և ցուցադրվել միջազգային տարբեր կինոփառատոներում՝ արժանանալով մրցանակների Սկանդինավիան երկրներում, Շանհայում և Երևանում։ «Վերջին բնակիչը» ֆիլմն ընդգրկվել է նաև HBO-ի՝ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հարթակի կատալոգում։

Այսօր Ջիվան Ավետիսյանը, լինելով Եվրոպական կինոակադեմիայի անդամ և Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Berlinale Talents» ստեղծագործական ծրագրի շրջանավարտ, շարունակում է աշխատել նոր կինոնախագծերի վրա։ Նրա ստեղծագործությունները սերունդի հիշողությունը, պատմական ցավն ու ապրումները վերածում են համամարդկային պատմությունները վերածում են կինոյի համընդհանուր լեզվի, որը հասկանալի է աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց։

Հիմա եթերում