Կմեռնեք, խաղաղություն լինելու է․ Արարատ Միրզոյան
18 Նոյեմբերի 2026, 19:11
Կմեռնեք, խաղաղություն լինելու է։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, գերիների վերադարձի և դեռևս չլուծված խնդիրների վերաբերյալ հարցերին։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն հաստատված է, սակայն անհրաժեշտ է այն ամրապնդել և անցնել խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման, վավերացման ու ինստիտուցիոնալացման փուլերին։
«Մենք ունենք հաստատված խաղաղություն մի երկրի հետ, որը մեր ֆիզիկական ու աշխարհագրական հարևանն է, իսկ խաղաղությունը, որպես կանոն, հաստատվում է հենց այն հարևանների միջև, որոնց հետ նախկինում հակամարտություններ են եղել։ Այս խաղաղությունն ունի իրավական հիմքեր՝ հայտարարություններ և վերջնական համաձայնագրի նախաստորագրված փաստաթուղթ։ Եթե հարցնենք՝ ունե՞նք խաղաղություն, ապա պատասխանն է՝ այո՛, ունենք։ Ունենք տարանցիկ հաղորդակցություն, երկկողմ առևտուր և այլ գործոններ, որոնք նպաստում են խաղաղության ամրապնդմանը»,– ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ խաղաղության վերջնական հաստատման համար անհրաժեշտ է շարունակել գործընթացը՝ քայլ առ քայլ առաջ շարժվելով։
«Խաղաղությունը այդպես կոճակով չի լինում։ Քայլ առ քայլ, ջանքը ջանքի հետևից, աղյուսը աղյուսի վրա դնելով պիտի կառուցենք այն»,– նշել է Միրզոյանը։