Կոնստանտին Զատուլինի հարցազրույցը. ինչպես է Ռուսաստանը հարաբերություններ կառուցում Փաշինյանի հետ
18 Հունիսի 2026, 22:40
Ռուսաստանի քաղաքական գործիչ, Պետական դումայի մի քանի գումարումների պատգամավոր, ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության հարցերով Պետդումայի հատուկ ներկայացուցիչ Կոնստանտին Զատուլինը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Московский комсомолец» ամենօրյա հասարակական-քաղաքական թերթին։ Զրույցում նա անդրադարձել է այն հարցին, թե ինչպես պետք է Մոսկվան արձագանքի Հայաստանի քաղաքական կուրսին և Նիկոլ Փաշինյանի գործողություններին՝ համադրելով սկզբունքային կոշտ դիրքորոշումը և գործնական աշխատանքային հարաբերությունների պահպանումը։
Եվրահանձնաժողովը նախատեսում է տարեկան 420 մլն եվրո արժողությամբ հայկական ապրանքների շուրջ 20 կատեգորիայի մաքսատուրքերի նվազեցում, որոնք արգելված են ՌԴ ներկրման համար, գրում Է «Financial Times»-ը: Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը պնդում է, որ այդ սահմանափակումները կապված են արտադրողների մոտ արտադրանքի որակի արդյունավետ վերահսկողության բացակայության, այլ ոչ թե քաղաքականության հետ: Հունիսի 17-ին Հայաստանում մեկնարկում են «Eagle Partner 2026» զորավարժությունները ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հունաստանի մասնակցությամբ: Միևնույն ժամանակ, Երևանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում ։ Այս ամենը խոսում է այն մասին, որ խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ հաղթանակ տարավ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, Հայաստանի ՝ Ռուսաստանից հեռու մնալու և Արևմուտքի հետ մերձենալու կուրսը շարունակվելու է ։ Այս իրավիճակում ի՞նչ վարքագիծ պետք է որդեգրի ՌԴ-ն Երևանի և անձամբ Փաշինյանի նկատմամբ ։ Այս հարցի շուրջ մենք զրուցել ենք Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ։
— Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է Մոսկվան վարվի Հայաստանի հետ հարաբերություններում այն բանից հետո, երբ ընտրությունները տեղի ունեցան այն կերպով, ինչպես տեղի ունեցան։
— Մոսկվան պետք է զբաղեցնի սկզբունքային դիրքորոշում։ Եվ այդ սկզբունքային դիրքորոշումը, իմ կարծիքով, պետք է կայանա նրանում, որ մենք ոչ մի դեպքում չենք կարող համարել անցկացված ընտրությունները ժողովրդավարական կամ ընդհանուր ընդունված չափանիշներին համապատասխանող։ Չենք կարող, որովհետև չեն պահպանվել հավասար ընտրական պայքարի պայմանները։ Ընդհակառակը՝ կիրառվել են ճնշումներ, որոնք շարունակվում են և ավելի են սրվում այն անձանց նկատմամբ, ովքեր հայտնվել են խորհրդարանում կամ կարող էին հայտնվել ընտրությունների արդյունքներով, ինչպես նաև այն ընդդիմադիր ուժերի նկատմամբ, որոնք նրանք ներկայացնում են, և որոնց օգտին քվեարկել է ընտրողների զգալի մասը։
Ընդդիմության առաջնորդների նկատմամբ ճնշման և հետապնդումների արշավը ներկայումս շարունակվում է և խորանում է՝ հասնելով անգամ նրանց բոլորին ձերբակալելու մտադրությունների։ Նրանց նկատմամբ սահմանվել է արտերկիր մեկնելու արգելք՝ հետագայում ձերբակալելու նպատակով։ Այս ամենը նշանակում է, որ արդար ընտրությունների անցկացման պայմանները չեն պահպանվել։
Ինչ վերաբերում է քվեարկության օրվան, ապա այնտեղ նույնպես եղել են բավականին շատ խախտումներ և կասկածելի արդյունքներ։ Օրինակ՝ փորձեր են արվել ամեն գնով խորհրդարան չթողնել երրորդ ընդդիմադիր ուժին, որպեսզի օգտագործվեն դրա ձայները և ավելացվի իշխանության սեփական ներկայացվածությունը։ Մի քանի տասնյակ ձայն չի բավականացրել, և մի շարք ընտրատեղամասերում ընտրությունները պարզապես չեղարկվել են, այլ ոչ թե նորից նշանակվել։
— Դա հայտնի է, և ինչպե՞ս պետք է արձագանքել դրան։
— Իմ կարծիքով՝ պետք է որդեգրել հետևյալ դիրքորոշումը։ Մենք հայտարարում ենք, որ այս ընտրությունների արդյունքները չենք ընդունում որպես արդար և օբյեկտիվ։ Բայց քանի որ մենք Հայաստանի հետ գտնվում ենք դաշինքներում և ավանդաբար զարգացնում ենք հարաբերությունները, մենք շարունակելու ենք նրա հետ աշխատել՝ ելնելով այն իրողությունից, որ այսօր Հայաստանը ղեկավարում են այն մարդիկ, ովքեր մնացել են իշխանության՝ անարդար, ոչ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում։ Մենք գիտենք, որ ներկայում Հայաստանում այլ իշխանություն չկա։ Այդ պատճառով մենք փաստացի զարգացնում ենք հարաբերությունները նրանց հետ։
Ես մի կողմ եմ թողնում այն հարցը, թե արդյոք մենք այս հարաբերությունները կշարունակենք դեսպանի մակարդակով, թե ժամանակավոր հավատարմատարի մակարդակով, քանի որ, որքան ինձ հայտնի է, մեր դեսպանը ներկայում Հայաստանում չէ։ Նա ընտրություններից առաջ մեկնել էր խորհրդակցությունների և մինչ այժմ չի վերադարձել։ Այսպիսով, մենք արձանագրում ենք մեր դիրքորոշումը․ մենք ընդունում ենք իրավիճակը դե ֆակտո, բայց չենք կարող այն ընդունել դե յուրե։
— Արդյո՞ք պետք է պահպանվեն հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումները։
— Եթե մենք չենք ուզում այդ սահմանափակումների վերացմամբ փաստել, որ դրանք օգտագործվել են բացառապես որպես գործիք ընտրական պայքարի ընթացքում, ապա դրանք պետք է պահպանվեն։ Բայց ես կարծում եմ, որ այն պատճառները, որոնցով դրանք սահմանվել են, դեռ պահպանվում են։ Եթե դրանք վերանան՝ դա այլ հարց է։ Սակայն սա որևէ կապ չունի ընտրությունների հետ։
Մենք հստակ պատկերացում ունենք, և դա հաստատվում է Հայաստանի իշխանությունների հայտարարություններով ու գործողություններով, որ նրանք ԵԱՏՄ անդամակցությունն ու Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները օգտագործում են բացառապես այն նպատակով, որպեսզի հետո հրաժարվեն դրանցից և տեղափոխվեն Եվրամիություն։ Այդ պատճառով, կարծում եմ, Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների խորհրդի կողմից տրված հանձնարարությունը՝ պարզաբանելու Հայաստանի հետագա դիրքավորումը ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի շրջանակում, պետք է իրականացվի։
Եվ եթե Հայաստանի ներկայիս իշխանությունը շարունակում է իր ուղին դեպի Եվրամիություն՝ միաժամանակ հրաժարվելով այդ մասին հարցնել ժողովրդին (Փաշինյանի դիրքորոշումն այն է, որ հանրաքվեն կանցկացվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը արդեն անդամակցի ԵՄ-ին), ապա դա մեզ չի բավարարում։ Այդ պատճառով, եթե այս գործընթացը շարունակվի, մենք, կարծում եմ, ստիպված կլինենք բարձրացնել Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը՝ որպես իր դաշնակցային պարտավորությունները չկատարող պետության։
— Իսկ գազի գների հարցը, դրանք կվերանայվե՞ն։
— Դա նույնպես այն հարցերից է, որը պետք է լուծվի։ Իհարկե, այն պետք է քննարկվի բանակցությունների շրջանակում։ Քանի որ Հայաստանի իշխանությունները իրենց մտադրությունների վերաբերյալ որևէ կասկած չեն թողնում՝ նրանք ընդունել են օրենք ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին, ապա մենք նույնպես պետք է գների հարցը լուծենք այդ ընտրության համապատասխան։
Օրինակ՝ կարող ենք սահմանել ներկայիս գների գործողության որոշակի ժամկետ, իսկ հետո անցնել այն գներին, որոնք գործում են ԵՄ երկրների համար։
— ԵՄ-ն պատրաստում է Հայաստանի համար արտակարգ առևտրային աջակցության փաթեթ՝ Ռուսաստանի սահմանափակող քայլերի պատճառով։ Նրանք ցանկանում են նվազեցնել Հայաստանի ապրանքների մաքսատուրքերը։ Արդյո՞ք դա կարող է փոխհատուցել հայ ֆերմերների կորուստները։
— Պետք է մանրակրկիտ վերլուծել Եվրամիության այդ քայլերը։ Եթե դրանք խախտեն միասնական մաքսային տարածքը, դա ևս մեկ պատճառ կլինի, որպեսզի մենք սահմանենք նոր սահմանափակումներ։ Ինչ վերաբերում է այդ հայտարարություններին, ես կվերաբերվեի դրանց շատ զգուշությամբ։
Եվրամիությունը ի վիճակի չէ փոխհատուցել Հայաստանի հրաժարումը եվրասիական շուկայից և Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Այն կարող է ցուցադրականորեն ինչ-որ փոքր ծավալով գնումներ կատարել, օրինակ՝ ծաղիկներ։ Բայց երկարաժամկետ կերպով Հայաստանի տնտեսության կորուստները, որոնք առաջանում են Ռուսաստանի հետ կապերի խզման հետևանքով, Եվրամիությունը չի կարող փոխհատուցել։
— Այս ամենի ֆոնին բարձրանում է ռուսական ռազմաբազայի ճակատագիրը։ Փաշինյանը կարող է դժգոհել և այս քայլերին ի պատասխան բարձրացնել դրա դուրսբերման հարցը։
— Եթե Փաշինյանը բարձրացնի այդ հարցը, մենք կքննարկենք այն։ Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ իմաստ ունի մեզ այդ բազայով պաշտպանել Փաշինյանին։ Ես կարծում եմ, որ մենք չպետք է շտապենք բազայի հարցում։ Բայց սա ևս այն հարցերից է, որի վրա պետք է արձագանքեն Հայաստանում ապրող մարդիկ, ովքեր գոնե փոքր-ինչ հասկանում են՝ որտեղ է գտնվում իրենց երկիրը և ով է այն պաշտպանում։
— Բայց միևնույն ժամանակ այդ բազան մեր անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ է։
— Անկասկած։ Այդ բազան մեր անվտանգության կարևոր տարրերից է։ Բայց եթե Հայաստանը զարգացնի ռազմատեխնիկական համագործակցությունը Արևմուտքի հետ, ապա առաջանում է բնական հարց։ Մենք ինքներս չենք նախաձեռնի այդ հարցը։ Եթե Փաշինյանը ցանկանա այն բարձրացնել՝ կտեսնենք, ինչպես կարձագանքենք։ Կարծում եմ՝ նա ապագայում կփորձի դա անել՝ անկախ նրանից՝ մենք հիմա ինչ քայլեր կձեռնարկենք, թե ոչ։
— Ինչ վերաբերում է հենց Փաշինյանին՝ նա շարունակելու՞ է այցելել Մոսկվա, մասնակցել գագաթնաժողովներին, լինել Կրեմլում։
— Չգիտեմ, թե ինչպես ենք կառուցելու այդ գիծը։ Կարծում եմ՝ շփումների մակարդակը կնվազի։ Եվ, ամեն դեպքում, չպետք է գնալ նրա պահանջներին ընդառաջ՝ նրան Մոսկվա հրավիրելով։ Նա արդեն տարբեր տեղերում հայտարարել է, որ իր առաջին այցը կլինի Ռուսաստան։ Պարզ է, որ այդ այցը նրան պետք է միայն որպես քաղաքական քողարկում։