Լատվիայի նախագահն ընդունել է Արարատ Միրզոյանին․ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները

07 Սեպտեմբերի 2026, 22:15

Քաղաքականություն

Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև ընդլայնվող համագործակցության օրակարգը։ Նշվել է, որ երկկողմ հարաբերությունների ակտիվացման մասին են վկայում ինչպես վերջին շրջանում բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկան, այնպես էլ համագործակցության հետևողականորեն զարգացող օրակարգը։

Միրզոյանն ու Ռինկևիչսը մտքեր են փոխանակել գործընկերության զարգացման կոնկրետ հնարավորությունների շուրջ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ Քննարկվել են նաև տնտեսական կապերի դիվերսիֆիկացման և հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ հասանելիության ընդլայնման հնարավոր մեխանիզմները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–ԵՄ խորացող գործընկերության օրակարգին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լատվիայի շարունակական աջակցությունը Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգի առաջմղմանը։

Կողմերը գոհունակությամբ անդրադարձել են նաև ընթացիկ տարվա մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հաջող անցկացմանը։

Միրզոյանն ու Ռինկևիչսը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը Լատվիայի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում բացվող տնտեսական և տարածաշրջանային փոխկապակցվածության նոր հնարավորությունները, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Հանդիպման օրակարգում եղել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի և Լատվիայի համագործակցությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում համագործակցության հարցերին։

Հիմա եթերում