Լենինգրադի շրջափակումից մինչև NASA. միկրոէլեկտրոնիկայի հայրը՝ Էդուարդ Քեոնջյան
14 Օգոստոսի 2026, 22:00
Գյուտարար Էդուարդ Քեոնջյանը ծնվել է 1909 թվականի օգոստոսի 14-ին Թիֆլիսում՝ բժիշկների ընտանիքում։ Հայրը գաղթել էր Էրզրումից, իսկ մայրը Թիֆլիսի ունևոր ընտանիքից էր։ Վաղ տարիքից նա հետաքրքրություն է ցուցաբերել ռադիոյի և էլեկտրատեխնիկայի նկատմամբ, ինչն էլ կանխորոշել է նրա հետագա մասնագիտական ուղին։
1932 թվականին Քեոնջյանն ավարտել է Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտը (ԼԷՏԻ)՝ պաշտպանելով ատենախոսություն էլեկտրատեխնիկայի ոլորտում և ստանալով գիտությունների թեկնածուի աստիճան։
Լենինգրադի շրջափակման տարիներին նա հրաշքով է փրկվել. սովից ուժասպառ եղած գիտնականին մահացած են համարել և նետել եղբայրական գերեզման, սակայն պատահական անցորդը նկատել է նրա ձեռքի շարժումը և փրկել նրան։
Պատերազմից հետո Քեոնջյանը կնոջ և որդու հետ գաղթել է ԱՄՆ՝ այնտեղ հասնելով 1947 թվականին՝ առանց դրամական միջոցների, լեզվի իմացության ու կապերի։ Չնայած դրան՝ նրան հաջողվել է աշխատանքի անցնել կիսահաղորդչային տրանզիստորների հետազոտական խմբում, իսկ կարճ ժամանակ անց դարձել է «General Electric» ընկերության առաջատար ինժեներներից մեկը։
1953 թվականին նա համահեղինակել է «Տրանզիստորային սխեմաների սկզբունքները» գիրքը, իսկ 1954-ին ստեղծել է աշխարհում առաջին արևային էներգիայով աշխատող դյուրակիր ռադիոհաղորդիչը, որն ավելի ուշ ցուցադրվել է Սմիթսոնյան թանգարանում։
1959 թվականին Քեոնջյանը մշակել է ինտեգրալ սխեմայի նախատիպը՝ համակարգչային գումարիչը, որն արտադրվել է «Texas Instruments» ընկերությունում։
1963 թվականին նա կազմակերպել է ցածր հզորության էլեկտրոնիկայի առաջին միջազգային սիմպոզիումը՝ հիմք դնելով նոր գիտական ճյուղի։
Քեոնջյանը համագործակցել է NASA-ի հետ՝ ղեկավարելով «Ապոլոն-11» նախագծի խափանումների վերլուծության բաժինը։ Նրա լաբորատորիան զբաղվել է էլեկտրոնային համակարգերի հուսալիության ապահովմամբ, ինչն էլ երաշխավորել է 1969 թվականին Լուսնի վրա մարդու հաջող վայրէջքը։
Գիտնականը հեղինակել է ավելի քան 100 գիտական աշխատանք և ստացել 27 արտոնագիր։ Նրա «Microelectronics: Theory, Design, and Fabrication» (1963 թ.) գիրքը դարձել է համաշխարհային բեսթսելեր. այն թարգմանվել է վեց լեզվով և հրատարակվել ավելի քան մեկ միլիոն օրինակով։
Քեոնջյանի անձնական կյանքը ևս հարուստ էր։ Նա շատ է ճանապարհորդել, անդամակցել է հետազոտողների և հնագետների ակումբների, իսկ 1997 թվականին հրատարակել է իր ինքնակենսագրական «Survived to Tell» գիրքը, որտեղ պատմել է իր անհավանական ուղու մասին՝ շրջափակված Լենինգրադից մինչև ամերիկյան գիտական էլիտա։
Էդուարդ Քեոնջյանը վախճանվել է 1999 թվականի սեպտեմբերի 6-ին՝ 90 տարեկան հասակում։ Նրա անունը հավեր կապված է միկրոէլեկտրոնիկայի զարգացման պատմության հետ։ Քեոնջյանի կյանքի ուղին տոկունության, գիտական նվիրումի և բացառիկ հնարամտության վառ օրինակ է։ Անցնելով պատերազմի, սովի և արտագաղթի ծանր փորձությունների միջով՝ նա կարողացել է հասնել գիտական մեծ նվաճումների և նշանակալի ներդրում ունենալ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման գործում։