Երևանի անհետևողականությունը բարդացնում է Մոսկվայի և Երևանի բանակցությունները․ Պյոտր Կոլչին

15 Սեպտեմբերի 2026, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Մոսկվայի և Երևանի միջև երկխոսության հեռանկարներին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման համատեքստում։

Փորձագետի կարծիքով՝ Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վատթարացումը կապված է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման, եվրաինտեգրման գաղափարի և անվտանգության հարցերում նրա երկակի մոտեցման հետ։

«Իհարկե, Մոսկվայի և Երևանի հարաբերությունների արագ վատթարացումը կապված է Փաշինյանի դիրքորոշման, եվրաինտեգրման նրա գաղափարի, ինչպես նաև անվտանգության հարցերում նրա երկակի դիրքորոշման հետ։ Այս ամենը նպաստում է քաղաքական կապերի թուլացմանը։ Պուտինը Երևանին ներկայացրել է բավական հստակ պայմաններ, որոնք առաջին հերթին կապված են հանրաքվեի հետ։ Եթե Փաշինյանը սկզբում հավանություն էր տալիս այդ գաղափարին, ապա այժմ հայտարարում է, որ նման հանրաքվեի անհրաժեշտություն չկա՝ հասկանալով, որ համաժողովրդական քվեարկությունը կարող է լրջորեն հարվածել իր քաղաքական դիրքերին»,- ասել է Կոլչինը։

Փորձագետի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հնարավոր երկխոսությունը բախվում է բազմաթիվ խնդիրների՝ պաշտոնական Երևանի դիրքորոշման անհետևողականության պատճառով։

«Մոսկվան փորձում է հասնել հստակության։ Փաշինյանը վախենում է այդ հստակությունը տալ, քանի որ ստատուս քվոյի փոփոխությունը, որն անխուսափելի է, կարող է լրջորեն հարվածել Հայաստանի դիրքերին, և դրա անմիջական պատասխանատվությունը կրելու է Փաշինյանը։ Սակայն, ինչպես գիտենք, Փաշինյանը չի սիրում քաղաքական ռիսկեր ստանձնել, նախընտրում է դրանք փոխանցել ուրիշներին և հասարակության ուշադրությունը շեղել այլ հարցերի վրա»,- ընդգծել է Կոլչինը։