Լևոն Քոչարյանը ձայնագրություն է միացրել՝ ինչպես էր Փաշինյանը մարտի 1-ին կոչ անում քար ու փայտ ունենալ

04 Օգոստոսի 2026, 13:27

Քաղաքականություն

Իշխանական պատգամավորներն անընդհատ հղում են անում 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին՝ փորձելով արդարացնել այսօր տեղի ունեցող ապօրինությունները։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Միգուցե մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում անմեղ մարդիկ են ձերբակալվել, կալանավորվել, հնարավոր է՝ ես այստեղ չեմ վիճում։ Բայց մի մարդ, որ հաստատ անմեղ չի եղել, դա Նիկոլ Փաշինյանն էր»,- նշել է Լևոն Քոչարյանն՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ Մարտի 1-ի վերաբերյալ հայտարարություններին։

Այնուհետև պատգամավորը ԱԺ դահլիճում միացրել է 2008 թվականի իրադարձությունների ընթացքում Փաշինյանի հնչեցրած խոսքերի ձայնագրությունը, որտեղ նա քաղաքացիներին կոչ է անում պատրաստվել ինքնապաշտպանության՝ ունենալով ձեռքի տակ փայտեր ու քարեր։

«Ես ձեզնից յուրաքանչյուրին կոչ եմ անում՝ ունենալ ձեռքին ինչ-որ բան՝ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար՝ լինի փայտ, քար։ Չեք պատկերացնի՝ հոգիս ոնց էր փառավորվել, երբ իմացա՝ ոստիկանների ձեռքից վահաններ ու մահակներ եք վերցրել։ Հավաքում եք ինչքան հնարավոր է շատ մարդ»,- ասում է Փաշինյանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ այդ հայտարարությունների պահին դեռևս ոչ մի զոհ չկար, իսկ առաջին զոհը եղել է ոստիկանության աշխատակիցը։

«Այդ օրը 190-ից ավելի ոստիկան տարբեր մարմնական վնասվածքներ, այրվածքներ ու բեկորային վնասվածքներ է ստացել, ինչպես նաև 32 քաղաքացիական անձ։ Ես շատ ցավում եմ այդ օրվա իրադարձությունների, բոլոր զոհերի համար, բայց երբ գալիս եք այստեղ ու խոսում, խնդրում եմ արդարությունը պահեք։ Այսօր մարդկանց ձերբակալում են չնչին բաների համար, իսկ այն, ինչ այս մարդն է ասել, մոռանում եք»,- ընդգծել է Լևոն Քոչարյանը։

Հիմա եթերում