Մենք կվերանանք, եթե մոռանանք մեր ինքնությունը. Արթուր Արմին

24 Հունվարի 2025, 22:30

Քաղաքականություն

Մենք կվերանանք այս ճանապարհին, եթե մոռանանք մեր ինքնությունը: Alpha News-ի եթերում այսպիսի կարծիք է հայտնել մշակութաբան, հայագետ Արթուր Արմինը:

«Մենք կվերանանք այս ճանապարհին, եթե մոռանանք մեր ինքնությունը: Վերցրեք մի մարդու. եթե նա արդեն չի հիշում կամ չգիտի իր անունը, տարիքը, հորն ու մորը, այդ մարդը, կոպիտ ասած, ոչ մի բանի էլ պետք չէ: Նա այլևս ֆիզիկապես գոյություն չունի: Նույնն էլ ազգերի դեպքում է լինում: Պատմության ոչնչացումը, մշակույթի աղավաղումը ամենամեծ քաղաքականությունն է, որ տանում են մեր դեմ»,- նկատել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ պետք է ազգերը, մարդիկ պահպանեն իրենց գույնը, տեսակը:

«Ճապոնացիներն ամենաառաջավոր տեխնոլոգիաներն ունեն, բայց առօրյայում իրենց ավանդույթները պահպանում են ու ես բարի նախանձով եմ նրանց նայում: Քո գույնը, քո տեսակը պետք է պահպանես: Սա չափազանց անհրաժեշտ է մեզ»,- ընդգծել է Արթուր Արմինը:

Տեղեկացնենք նաև, որ նրա «Մհերի դռան առեղծվածը» ֆիլմը շուտով կցուցադրվի Փասադենայում:

Այս և այլ թեմաների մասին զրույցի մանրամասները՝ տեսանյութում: