Մեր խնդիրը նոր սերնդին հայ համայնքի կյանքում ներգրավելն է, որ չկորչեն օտար ազգի մեջ. Հախումյան

14 Մայիսի 2025, 20:30

Կարծիք | Հայեր

Իռլանդիայի հայ համայնքը բավական բազմաշերտ է, համայնքը հիմնականում բաղկացած էր արևմտահայերից, 1990-ականներից հետո Հայաստանից մեծ գաղթ սկսվեց: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Իռլանդիայի հայ համայնքի անդամ Արամ Հախումյանը:

«Իռլանդիայում ապրում է 500-700 հայ: Մեծ մասամբ հայերը բնակվում են Դուբլինում, բայց վերջին տարիներին մեր համայնքն աճում է, հայեր կան նաև այլ քաղաքներում, մասնավորապես, Կորկում՝ Իռլանդիայի երկրորդ խոշոր քաղաքում: Բավականին մեծ քանակությամբ ՏՏ ընկերություններ են բացվել, և Հայաստանից այդ ոլորտի մասնագետների մեծ հոսք եղավ դեպի Կորկ քաղաք: Այնտեղ խոշոր համայնք ունենք: Կորկում բացել ենք երկրորդ հայկական դպրոցը, առաջինը Դուբլինում է»,- նշել է Արամ Հախումյանը:

Նրա խոսքով՝ Իռլանդիայի օրենսդիր և գործադիր իշխանություններում հայեր չկան, բայց կան մարդիկ, որոնք միշտ փորձում են հայերի շահերը պաշտպանել:

«Որպես փոքրաթիվ համայնք՝ շատ դժվար է ամեն ինչ կազմակերպել, կա ռեսուրսների պակաս: Եվ մեր երազանքն է ունենալ համայնքային կենտրոն, որը հիմնասյուն կդառնա և միասնական կպահի համայնքը: Համայնքի մյուս խնդիրը սերդնափոխությունն է, այսինքն՝ նոր սերնդին հայ համայնքի կյանքում ներգրավելը, որպեսզի այն չկորչի օտար ազգի մեջ»,-հավելել է Արամ Հախումյանը: