Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը բացվել է Արթուր Չիլինգարովի հուշարձանը

06 Հունիսի 2025, 20:34

Հայեր

Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը հունիսի 1-ին տեղի է ունեցել Խորհրդային Միության և Ռուսաստանի հերոս, Պետական դումայի պատգամավոր, բևեռային հետազոտող, գիտնական-օվկիանոսագետ, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ռուսաստանի աշխարհագրական ընկերության առաջին փոխնախագահ, բևեռագետների ասոցիացիայի նախագահ, Ռուսաստանի հայերի միության խորհրդի անդամ Արթուր Նիկոլայի Չիլինգարովի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՌԴ Պետդումայում «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը, ՌԴ Պետդումայի Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման կոմիտեի նախագահ, ՌԴ աշխատանքի հերոս Նիկոլայ Խարիտոնովը, ՌԴ տրանսպորտի փոխնախարար Կոնստանտին Պաշկովը, Ռուսաստանի տրանսպորտի համալսարանի ուսանողները, Բևեռախույզների ասոցիացիայի նախագահ Միխայիլ Սլիպենչուկը, մտերիմներն ու հարազատները:

Չիլինգարովն իր պատգամավորական գործունեության ընթացքում ամուր պաշտպանել է իր ընտրողների շահերը։ «Արթուր Չիլինգարովը միշտ ձգտել է իր ընտրողներին աջակցություն ցուցաբերել և անել հնարավորը։ Նա մեծ սիրով էր խոսում մարդկանց մասին», — ավելի վաղ նշել էր ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 25-ին Լենինգրադում։ Նրա հայրը` Նիկոլայ Չիլինգարյանը, հայ էր, կուսակցական բարձր պաշտոն է զբաղեցրել։
Արթուր Չիլինգարովն ամբողջ կյանքում զբաղվել է գիտությամբ։ Ռուսական և միջազգային պարգևներից բացի, նա ստացել է նաև Անանիա Շիրակացու մեդալ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան։

Հայտնի բևեռախույզը մահացել է 2024 թ-ի հունիսի 1-ին։