Մոսկվայում բացվել է ականավոր գիտնական Ավետիք Բուռնազյանի հուշարձանը
23 Ապրիլի 2026, 10:00
Մոսկվայում բացվել է գիտնական, խորհրդային ճառագայթային բժշկության հիմնադիր Ռուսաստանի Ավետիք Իգնատի Բուռնազյանի հուշարձանը։ Այն տեղադրվել է Ռուսաստանի բժշկակենսաբանական գործակալության դաշնային բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի տարածքում, որը կրում է Բուռնազյանի անունը։
Հուշարձանի բացումը նվիրված է Բուռնազյանի ծննդյան 120-ամյակին, նրա անունը կրող Դաշնային բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի 80-ամյակին և Չեռնոբիլի ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի 40-րդ տարելիցին։
Ավետիք Բուռնազյանը ծնվել է 1906 թվականին։ 1924-1928 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում, այնուհետև ուսումը շարունակել է Լենինգրադի Սերգեյ Կիրովի անվան ռազմաբժշկական և Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ 1935-1940 թվականների եղել է Մոսկվայի մարզային կլինիկայի և Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտի ռազմասանիտարական ամբիոնի ղեկավարը։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բուռնազյանը գործածության մեջ է դրել խորհրդային վիրաբույժ Նիկոլայ Ելանսկու` արյան փոխներարկման մեթոդը, մասնակցել է հայրենական պենիցիլինի ստեղծմանը, հատուկ ուշադրություն հատկացրել վիրավորների առաջնային տեսակավորմանը և տարհանմանը, ինչպես նաև վարակների կանխարգելմանը։ 1945 թվականին նրան բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհվել։
Պատերազմից հետո Բուռնազյանը դարձել է Ճառագայթային անվտանգության պետական ծառայության և բժշկասանիտարական ծառայության առաջին ղեկավարը։
Եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարի տեղակալ (1956—1981), մասնակցել է խորհրդային առաջին ատոմային ռումբի մշակմանը։ Նա նաև ԽՍՀՄ «ատոմային վահանի» ստեղծողներից մեկն է։ Բուռնազյանը ատոմային բնագավառի բժշկության հիմնադիրներից է, մասնակցել է միջուկային սուզանավերի անձնակազմի, տիեզերական թռիչքների կենսաբժշկական աջակցության կազմակերպման խնդիրների լուծմանը։