Մրցավարների սկանդալային որոշումները Բաքվում հաղթանակից զրկել են ըմբիշ Գևորգ Հարությունյանին
29 Հուլիսի 2026, 20:42
Բաքվում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում՝ ադրբեջանցի Աբդուրրահման Հուսեյնլիի և հայ ըմբիշ Գևորգ Հարությունյանի գոտեմարտում, մրցավարական սկանդալ է տեղի ունեցել։ Մենամարտի ելքը մեծապես որոշել են մրցավարների վիճելի որոշումները։
Առաջին դրվագում Հուսեյնլին հայտնվել է թիկունքի վրա՝ գորգից դուրս, սակայն իրավիճակը գնահատվել է ոչ միանշանակ։ Երկրորդ դրվագում Հարությունյանը ֆիքսել է մրցակցին և պետք է ստանար երկու միավոր, սակայն բողոքարկումից հետո միավորները հանվել են, և մեկ միավոր է շնորհվել ադրբեջանցուն․ ընդ որում, կրկնապատկերը հանդիսատեսին չի ցուցադրվել։ Երրորդ դրվագը նույնպես հարցեր է առաջացրել․ Հուսեյնլիի ընկնելուց հետո Հարությունյանը հայտնվել է գորգից դուրս՝ առանց ոտքը դնելու հնարավորության, սակայն միավորը դարձյալ տրվել է ադրբեջանցի ըմբիշին։
Ընդ որում, Հարությունյանն իր բոլոր չորս միավորները վաստակել է ակտիվ պայքարով և մրցակցին գորգից դուրս մղելով, մինչդեռ մրցակիցը պասիվության համար ոչ մի նկատողություն չի ստացել՝ չնայած հայ մարզիկի շարունակական գրոհներին։
Տեղեկությունը՝ «Sportaran» Տելեգրամյան ալիքի: