Մտահոգություն ունենք, որ Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու դեպքում ընտանիքի ինստիտուտը կոտնահարվի. Զոհրաբյան

13 Հունիսի 2023, 17:30

Կարծիք

ԵՄ դեսպանը Հայաստանի իշխանություններին հանձնարարեց զբաղվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ, որը մեզ համար զգոն լինելու հաղորդագրություն էր, որ շարունակենք կոնվենցիայի վավերացման դեմ մեր պայքարը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» նախաձեռնության համակարգող, փաստաբան Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությանը, թե ուզում է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան:

«Ստամբուլյան կոնվենցիան ընտանիքի կարգավիճակին է հավասարեցրել զուգընկերներին, որոնց մեջ կարող են լինել ոչ միայն տղամարդ-կին զույգը, այլեւ տղամարդ-տղամարդ, կին եւ կին զույգը: Կոնվենցիայի տեքստում առաջին հայացքից նման բան չի զգացվում, բայց բացատրական զեկույցից պարզ է դառնում, որ լեսբիներին, գեյերին պաշտպանություն են տալիս: Իսկ մենք ասում ենք, որ եթե ուզում եք այդ մարդկանց պաշտպանել, ապա համարձակություն ունեցեք այդպիսի օրենք ընդունել, ոչ թե ընտանիքի անվան տակ նույնասեռականներին, որոնց ես անբնական եմ համարում, հավասարեցրեք ընտանիքին: Ես դա լուրջ պրոբլեմ եմ համարում»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման պարագայում, կենսաբանական սեռից բացի նաեւ սոցիալական սեռ հասկացությունն է առաջ գալու, որը մտահոգիչ է:

«Խոսքը գենդերային ինքնության մասին է: Դա նշանակում է, որ քաղաքացին կարող է իր կենսաբանական սեռը չընդունել եւ կոնվենցիան պարտադրում է դիմացի մարդուն հաշվի նստել այդ մարդու քմահաճույքի հետ: Մենք ասում ենք, որ չի կարող մարդու ցանկությունը իրավունքի հետ հավասար դասվել»,- նշեց Զոհրաբյանը:

Արա Զոհրաբյանի կարծիքով՝ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է Սահմանդրության 35-րդ հոդվածին, որում սահմանվում է, որ չափահաս տարիքի կինն ու տղամարդը կարող են ընտանիք կազմել:

«Մեզ մոտ տղամարդու եւ կնոջ միությունն է համարվում ընտանիք, իսկ եթե այս կոնվենցիան վավերացվի, ապա կստացվի, որ երկու տղամարդ նույնպես կարող են ընտանիք կազմել: Մենք մտահոգություն ունենք, որ Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու դեպքում ընտանիքի ինստիտուտը կոտնահարվի»,- ընդգծեց Արա Զոհրաբյանը:

Նա մտահոգություն ունի, որ Սահմանադրական դատարանը կարող է սահմանադրական ճանաչել այդ կոնվենցիան, որի դեպքում խորհրդարանը կարող է վավերացնել այն:

Մանրամասները՝ տեսանյութում: