Հայաստանի առևտրային դեֆիցիտը հասել է պատմական առավելագույնի․ Կարապետյան

28 Հոկտեմբերի 2026, 13:00

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կնքված համաձայնագրին, նշել է, որ Հայաստանի և այլ երկրների միջև տնտեսական ինտեգրացիոն գործընթացներն ընդունելի և դրական են, սակայն կարևոր է գնահատել նաև երկրի տնտեսական վիճակը։

«Հայաստանի և այլ երկրների միջև կնքված համաձայնագրերն ու տնտեսական ինտեգրացիոն գործընթացները մեզ համար ընդունելի և դրական են»,– ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական վիճակի մասին են վկայում արտահանման անկումն ու ներմուծման աճը։

«Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտն այս տարի է։ Պատկերացրեք՝ Հայաստանը մեծ ընտանիք է, որն անցած տարի ապրանքների վաճառքից վաստակում էր 100 հազար դրամ, իսկ այս տարի արդեն՝ 92 հազար դրամ։ Այսինքն՝ մեկ տարվա կտրվածքով Հայաստանից արտահանումը մոտ 8 տոկոսով անկում է ապրել»,– նշել է պատգամավորը։