Նարեկ Խաչիկյանը հաղթել է գերմանացի մրցակցին և ևս մեկ մեդալ նվաճել Հայաստանի համար
26 Հունիսի 2023, 11:48
Լեհաստանում անցկացվող Եվրոպական խաղերի ծրագրով մուայթայի մրցաշարում Հայաստանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:
Հունիսի 25-ին պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Նարեկ Խաչիկյանը: Մինչեւ 60 կգ քաշայինների մեկնարկային քառորդ եզրափակիչում Նարեկ Խաչիկյանը հաղթել է գերմանացի Ֆիլիպ Լեոն Բալբաչին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ, ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Կիսաերզաակիչում Խաչիկյանի մրցակիցը կլինի Բելգիայի ներկայացուցիչ Ջիանի դե Լյուն: Կիսաեզրափակիչը տեղի կունենա հունիսի 27-ին:
Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչներ Գոռ Սարգսյանը, Արմեն Գրիգորյանը եւ Լյուաի Տեր-Դավթյանը պարտություններ են կրել եւ լքել պայքարը:
Եվրոպական խաղերում Հայաստանն արդեն նվաճել է երեք մեդալ հրաձգությունից, կարատեից եւ շախմատից: Հրաձգության 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձեւում Էլմիրա Կարապետյան — Բենիկ Խլղաթյանը զույգը թիմային պայքարում երկրորդ տեղն է զբաղեցրել, նաեւ 581 միավորով գրանցել Եվրոպական խաղերի ռեկորդ:
Կարատեում Անիտա Մակյանը մինչեւ 68 կգ քաշայինների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր: Երկու հաղթանակ տանելուց հետո նա կիսաեզրափակիչում 0:4 հաշվով պարտվել էր Շվեյցարիայի ներկայացուցիչ Ելենա Նորինային:
Շախմատի Հայաստանի թիմը նվաճել է Կրակով քաղաքում անցկացված կայծակնային շախմատի Եվրոպայի զույգ առաջնության չեմպիոնի տիտղոսը: Հայաստանի թիմում էին Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը: