Նկարիչ Ջոզեֆ Արզումանովը մասնակցում է Վենետիկում անցկացվող ցուցահանդեսին

29 Ապրիլի 2026, 15:05

Մշակույթ

Վենետիկում ապրիլի 25-ից մինչև հոկտեմբերի 4-ն անցկացվող «The Only True Protest Is Beauty» («Միակ իրական բողոքը գեղեցկությունն է») ցուցահանդեսին մասնակցում է նաև ֆրանսահայ նկարիչ և ոսկերիչ Ջոզեֆ Արզումանովը։

Ցուցահանդեսը «Fondazione Dries Van Noten» հիմնադրամի առաջին նախագիծն է։ Այն հիմնադրել է բելգիացի դիզայներ Դրիս Վան Նոտենը՝ արհեստների, գեղարվեստական մտածողության և տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու նպատակով։

Ջոզեֆ Արզումանովը 24 տարեկան է։ Նա վարպետորեն համադրում է ոսկերչական արվեստը, ոսկեթելով ասեղնագործությունը և քարե փորագրությունը 3D մոդելավորման ու արհեստական բանականության տեխնոլոգիաների հետ։

Նա ծնվել է ֆրանսահայ ընտանիքում, ունի նաև ռուսական, գերմանական և հրեական արմատներ։ Ջոզեֆը հայտնի խորհրդային կոմպոզիտոր Վալերի Արզումանովի թոռն է։