Նոր Սահմանադրության նախագծով իշխանության կենտրոնացումն ավելի է խորանալու․ Արսեն Թավադյան
26 Նոյեմբերի 2026, 23:00
Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով իշխանության կենտրոնացումը ոչ թե սահմանափակվում, այլ ավելի է խորանում։ Այս մասին Alpha News-ի տաղավարում հայտարարել է ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արսեն Թավադյանն՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին։
Նրա խոսքով՝ Հայաստանում մեկ անձ կամ անձանց խումբ իրական հակակշիռների բացակայության պայմաններում վերահսկում է օրենսդիր և գործադիր իշխանությունները, իսկ առաջարկվող փոփոխություններով ավելի են ընդլայնվում այդ հնարավորությունները։
Արսեն Թավադյանն ընդգծել է, որ նախագիծը չի լուծում իշխանության կենտրոնացման խնդիրը և կարող է մեծացնել քաղաքական ազդեցությունը դատական իշխանության, մասնավորապես՝ Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման գործընթացում։
«Եթե ուզում ենք ունենալ անկախ դատական համակարգ, պետք է բարձրացնենք ԲԴԽ-ի անկախության մակարդակը, մինչդեռ նոր նախագծով քաղաքական իշխանության մասնակցությունը դրա ձևավորմանը դառնում է գերիշխող»,- նշել է նա։