Նոր Սահմանադրության նախագիծը բավարարում է Բաքվի պահանջները․ Լևոն Պարոնյան
24 Նոյեմբերի 2026, 21:40
Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը հաստատում է այն մտահոգությունները, որոնք ՀՅԴ-ն դեռ հունիսին բարձրաձայնել էր Արևմտյան Ամերիկայի 60-րդ շրջանային ժողովի ընթացքում։ Այս մասին «Alpha News»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Լևոն Պարոնյանը։
«Առաջին տպավորությունն այն էր, որ նախագիծը հաստատեց այն մտահոգությունները, որոնք դեռ հունիսին արտահայտել էինք։ Խոսքը Հայաստանի Մայր օրենքն արտաքին պահանջով վերանայելու մասին է։ Հիմա արդեն տեսնում ենք, թե այդ պահանջն ինչ տեսք է ստացել։ Նոր նախաբանում բացակայում է Անկախության հռչակագրի հղումը»,- նշել է Պարոնյանը։
Նրա խոսքով՝ Բաքուն հենց այդ փոփոխությունն է պահանջում՝ այն կապելով, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ։
Պարոնյանն ընդգծել է նաև, որ Անկախության հռչակագրին հղումից հրաժարվելը համահունչ է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ տասնամյակներ շարունակ իրականացվող քաղաքականությանը։
«Մեր գնահատմամբ՝ Հռչակագրի հղումը հանելը բավարարում է Բաքվի կոնկրետ պահանջը, ինչպես նաև համահունչ է Անկարայի տասնամյակներ շարունակ վարած քաղաքականությանը»,- նշել է Լևոն Պարոնյանը։