Պայթյուններ՝ Իրանի Բանդար-Աբբաս նավահանգստում․ զոհերի թիվը հասել է 25-ի
27 Ապրիլի 2025, 11:14
Իրանի հարավում գտնվող Բանդար-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել: Պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հորմոզգան նահանգի դատական իշխանության ղեկավար Մոջթաբա Կահրեմանին։
Պաշտոնական տվյալներով՝ տուժել է ավելի քան 1100 մարդ։
Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին հաղորդագրությունները հայտնվել են շաբաթ կեսօրին: Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին հայտարարել է, որ միջադեպը տեղի է ունեցել քիմիական նյութերի պահեստում, սակայն դրա պատճառները դեռ դժվար է նշել:
New York Times-ի տեղեկություններով՝ պայթյունը եղել է պինդ հրթիռային վառելիքի համար որպես բաղադրիչ օգտագործվող նյութի պատճառով։
Ինչպես գրում են տեղական ԶԼՄ-ները, պայթյունն այնքան հզոր է եղել, որ այն լսել են Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդեր Աբբաս նավահանգստից առնվազն 20 կմ հեռավորության վրա: