Ալիևի երևանյան ելույթը պատերազմի մասին էր
07 Մայիսի 2026, 12:00
(Փաշինյանը հրաժարվո՞ւմ է Արարատից, իսկ Ալիևը հավակնո՞ւմ է «Իրևանին»)
«Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովը դարձավ վերջին տարիների ընթացքում Իլհամ Ալիևի ամենանրբամիտ քաղաքական պերֆորմանսներից մեկի հարթակը։ Նրա ելույթը, որը ձևականորեն քողարկված էր տարածաշրջանային համագործակցության հռետորաբանությամբ, իրականում միջազգային ինստիտուտների նկատմամբ արհամարհանքի մանիֆեստ էր և Հայաստանի հետ խաղաղության գործընթացի փաստացի ժխտում՝ ներառյալ դրա հումանիտար և իրավական չափումները։
Իրավիճակի պարադոքսն այն էր, որ խոսելով խաղաղության մասին՝ Բաքուն հեռարձակում էր ագրեսիայի օրակարգ, որտեղ տեղ չկա փոխզիջումների համար, այլ կան միայն կապիտուլյացիայի պայմաններ՝ ներկայացված որպես «նոր իրողություններ»։
Այս ռազմավարության կենտրոնական տարրը դարձավ հումանիտար ճգնաժամի լիակատար անտեսումը։ Ադրբեջանական կողմը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն՝ անդրդվելիորեն նրանց անվանելով «անջատողականներ» և «ռազմական հանցագործներ»։ Սա պարզապես իրավաբանական տերմինաբանություն չէ, այլ հստակ ազդանշան. Ադրբեջանը մտադիր չէ քայլեր անել այն հարցերում, որոնք կենսական նշանակություն ունեն նվազագույն վստահության վերականգնման համար։ Ավելին, վաղ թե ուշ Բաքուն բարձրացնելու է այն հարցը, թե ով և ինչ օգնություն է ցուցաբերել այդ «անջատողականներին», ինչը կբացի Երևանի հետ առճակատման և հակամարտության նոր գլուխ։
Հումանիտար խնդիրների լուծումից հրաժարվելը՝ «իննամսյա խաղաղության» մասին պաթոսիկ ելույթների ֆոնին, խաղաղության գործընթացի էության բացահայտ ծաղր է թվում։ Դրան զուգահեռ, Արցախի օկուպացված տարածքներում շարունակվում է հայկական պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը, ինչը վկայում է ոչ միայն հողը վերահսկելու, այլև հայկական ներկայության ցանկացած հետք վերջնականապես ջնջելու ձգտման մասին՝ ապագա սերունդներին զրկելով նույնիսկ դրանց մասին հիշողությունից։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի Ալիևի՝ իր դաժանությամբ աննախադեպ հարձակումը եվրոպական ինստիտուտների՝ Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի վրա։ Բաքվի դեմ 14 բանաձև ընդունած կառույցների հասցեին հնչեցված «ստի, զրպարտության և երկակի ստանդարտների» ուղիղ մեղադրանքները ցույց են տալիս, որ ադրբեջանական վարչակարգն այլևս չի ընկալում ԵՄ-ն որպես զսպող գործոն։
Ալիևի ելույթի տնտեսական բաղադրիչը, մասնավորապես՝ դեպի Հայաստան վառելիքի մատակարարումների և դեպի Նախիջևան առասպելական «Թրամփի ուղու» հիշատակումը, քաղաքական կարգավորումը առևտրային կախվածությամբ փոխարինելու փորձ է թվում։ Նշելով տարանցիկ բեռների թվերն ու բենզինի ծավալները՝ Բաքուն փորձում է նորմալացման պատրանք ստեղծել՝ անտեսելով այն փաստը, որ իրական խաղաղությունը չի կառուցվում բենզալցակայանների վրա՝ բանտերի փակ դռների պայմաններում։ Ընդ որում, իրավիճակի ցինիզմն ընդգծվում է նրանով, որ քանի դեռ Ալիևը դատողություններ է անում «խաղաղության գործնական պտուղների» մասին, Ադրբեջանի պաշտոնական ռեսուրսները շարունակում են Երևանն անվանել «Իրևան»՝ առաջ մղելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը։ Սա ուղղակի ոտնձգություն է հարևանի ինքնիշխանության դեմ, ինչն անիմաստ է դարձնում Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին ցանկացած խոսակցություն։
Գագաթնաժողովի նախօրեին անցկացված «Հեյդար Ալիև» զորավարժությունները միայն հաստատում են, որ Բաքվի «խաղաղության օրակարգը» միշտ ամրապնդված է լիցքավորված զենքով։ Ադրբեջանը Հայաստանի հետ իրական հաշտեցման անհրաժեշտություն չի տեսնում՝ նախապատվությունը տալով հյուծման մարտավարությանը, մշակութային էթնոցիդին և դիվանագիտական շանտաժին՝ միաժամանակ թաքնվելով կառուցողական գործընկերոջ դիմակի տակ։ Իրադարձությունների նման դասավորությունը կասկածի տակ է դնում տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հնարավորությունը, քանի դեռ միջազգային հանրությունը սահմանափակվում է լոկ «խորին մտահոգություն» հայտնելով՝ ի պատասխան բացահայտ ագրեսիայի և մանիպուլյացիաների։
Մտածե՛ք այդ մասին…»։