Ռուբիոյի այցը Երևան կապված էր Հայաստանի ղեկավարությանը աջակցելու հետ․ Գեորգի Ասատրյան
27 Մայիսի 2026, 21:30
Համաշխարհային ռազմական տնտեսագիտության և ռազմավարության ինստիտուտի փոխտնօրեն Գեորգի Ասատրյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Երևան, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների այցերը Չինաստան։
Քաղաքագետի կարծիքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան նպատակ ուներ աջակցել Հայաստանի գործող ղեկավարությանը։
«Որքան հասկանում եմ, լիարժեք այց անգամ չի եղել․ Ռուբիոն գրեթե օդանավակայանից դուրս չի եկել։ Այդ պատճառով էլ դժվար է դա այց անվանել։ Սկզբունքորեն նոր որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը գոյություն ունի վաղուց։ Սակայն այստեղ պետք է հասկանալ՝ սա Թրամփի նախագիծն է։ Իսկ Թրամփն այժմ լուրջ խնդիրներ ունի հենց Ամերիկայի ներսում»,- նշել է Ասատրյանը։
Փորձագետը նաև կասկած է հայտնել «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման վերաբերյալ՝ հաշվի առնելով Իրանի դիրքորոշումը։
«Այս նախագիծը չի իրականացվի, քանի որ այստեղ առաջին հերթին կա Իրանի և իրանական կողմի դիրքորոշումը։ Մենք տեսնում ենք, թե որքան ակտիվ և համարձակ կերպով Իրանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը հակազդում է ցանկացած տարածաշրջանային նախագծի և այն տարածաշրջանային խաղացողներին, որոնք վարում են արևմտամետ քաղաքականություն կամ փորձում են պաշտպանել տարածաշրջանից դուրս գտնվող երկրների շահերը։ Բավական է հիշել, թե ինչպես էր Իրանը հարվածներ հասցնում Պարսից ծոցի արաբական միապետությունների ռազմական բազաներին և ենթակառուցվածքային օբյեկտներին։ Այդ պատճառով այստեղ ես որևէ հեռանկար չեմ տեսնում»,- հայտարարել է Ասատրյանը։