Երևանի դիվանագիտական հարվածները Մոսկվային շարունակվում են
24 Հունվարի 2025, 11:00
(Թյուրքական աշխարհին ինտեգրվելու ճանապարհից շեղվելու նշան չկա)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի վերաբերյալ մեր գնահատականը շարունակում է հաստատվել: Հայաստանի ԱԳՆ ղեկավարի այցը ՌԴ չի հարթել երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրները: Հունվարի 23-ին նոր «ապացույցների բաժին» եկավ:
«Փաշինյան & Co»-ն այնքան է «շտապում դեպի ԵՄ» (չնայած իրականում «դեպի ԵՄ ճանապարհը» տանում է Հայաստանն ուղիղ դեպի Թուրքիա, ինչը կքննարկենք ավելի ուշ), որ արդեն այսօր մայրաքաղաքում տեղի ունեցավ Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը: Իշխանական պրոպագանդան ասում է, որ այս քննարկումն իրականում եվրաինտեգրմանն աջակցող երկրների խորհրդարանականների հանդիպում է։
Երևանյան այս պանելային քննարկմանը զուգահեռ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հայտարարել է՝ մեծ է հավանականությունը, որ Հայաստանի խորհրդարանը կհաստատի ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը, որը «կանաչ լույս է վառում»՝ երկրում հանրաքվե անցկացնել համար ԵՄ-ին անդամակցելու հայտի գործընթաց սկսելու համար։
Ավելին, հունվարի 23-ին հրապարակվեց Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության առաջին հրապարակային զեկույցը, որում ոչ միայն նշվում էր, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման հիմքերը դժվար թե վերանան 2025թ, այլ նաև հստակ ամրագրվում է, որ ՀԱԿՊ-ը ոչ կենսունակ միավորում է:
Ընդամենը 2 օրում «հայ-ռուսական հարաբերություններում հալած սառույցի» հետ կապված ողջ «դիվանագիտական փոշին» հօդս գնդեց։ Եվս մեկ անգամ պետք է փաստել, որ Նիկոլ Փաշինյանին և նրա գործընկերներին այցն անհրաժեշտ էր, որպեսզի փորձեին թուլացնել Մոսկվայի հնարավոր հակազդեցությունը դեպի Թուրքիա աշխարհաքաղաքական ամբողջական շրջադարձ կատարելու Երևանի ծրագրերին։
Բայց ինչո՞ւ է խոսվում հենց դեպի Թուրքիա աշխարհաքաղաքական շրջադարձի մասին, երբ Հայաստանը պատրաստվում է հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի շուրջ, իսկ ԱՄՆ-ի հետ վերջերս խարտիա է ստորագրվել։
Շատ պարզ, ոչ միայն մենք ենք այդպես մտածում, այլ, մասնավորապես, «Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոն» (CSIS) վերլուծական ինստիտուտը, որը հիմնված է 1962 թվականին և գործում է Վաշինգտոնում: Կենտրոնն իր զեկույցում փաստացի նշում է, որ ԱՄՆ-ը Թուրքիային տեսնում է որպես իր ներկայացուցիչ Հայաստանում:
«Այս [ԱՄՆ-Թուրքիա — հեղինակ] կապերի օգտագործումը, ինչպես նաև Եվրասիայի նկատմամբ Թուրքիայի աճող հետաքրքրությունը պետք է դառնան ԱՄՆ քաղաքականության և եվրոպական ռազմավարության հիմնարար բաղադրիչը: Եթե ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ընդլայնումը տարածաշրջանում շատ երկարաժամկետ գործընթաց է, ապա ավելի ուժեղ և հավասարակշռված թուրքական ներկայությունը կարող է լինել Ռուսաստանի կայսերական վերածննդի դեմ ամենաարդյունավետ պատնեշներից մեկը», — նշվում է զեկույցում:
Ինչպես տեսնում եք, ամերիկյան կողմը նույնպես խոսում է Թուրքիայի մասին, նրա գործոնի մասին՝ Հայաստանի հետ կապված գործընթացների համատեքստում։ Ամերիկացիներն ավելի անկեղծ են հայերի, Փաշինյանի ընտրողների հետ: Հեքիաթներ չեն պատմում ոչ ԵՄ-ի մասին, ոչ էլ «Հայաստանը ԱՄՆ 51-րդ ամերիկյան նահանգ» դարձնելու մասին։
Մտածե՛ք այդ մասին․․․»։